Վերելք Վրանասար լեռ և Թղիթ ամրոց

22․12․2024թ.ին կազմակերպեցինք տարվա վերջին արշավը՝ ուղևորվելով Կոտայքի մարզ։ Մեր նպատակն էր բարձրանալ Վրանասար լեռը և ծանոթանալ Թղիթ ամրոցի ավերակներին։ Ինչո՞ւ Վրանասար: Մեր լեռնագագաթների անուններն իսկապես բազմազան են, և մենք, երեխաների հետ կազմակերպելով վերելքներ, նպատակ ունենք նրանց ծանոթացնել մեր բնության այդ բազմազանությանը։ Մի քանի շաբաթ առաջ Արշավասար լեռան գագաթին էինք, իսկ այս կիրակի՝ Վրանասարի։ Որպես փոքր գաղտնիք նշենք, որ այս տարի ներառել ենք անսովոր անուններով գագաթներ մեր վերելքների ցանկում՝ ավելի հետաքրքրաշարժ դարձնելու արշավները։

Ամանորյա տրամադրությամբ, պարզ և սառնաշունչ մի առավոտ, Երևանից ուղևորվեցինք Կոտայքի մարզ՝ Արայի լեռան արևելյան ստորոտում գտնվող Արագյուղ։ Թեև դրսում ցուրտ ու ձմեռային մթնոլորտ էր, մեր ավտոբուսում հնչող ուրախ զրույցներն ու ծիծաղը ջերմացրել էին բոլորիս։ Վրանասար լեռը գտնվում է Արագյուղի մոտ և ունի 1902 մետր բարձրություն։ Գյուղ հասնելուն պես նկատեցինք տներից բարձրացող վառարանների ծուխը, որը հիշեցնում էր ներսի ջերմ ու հարմարավետ միջավայրը։ Մի պահ երանի տվեցինք պատերից ներս գտնվող մարդկանց, բայց մեզ սպասող արկածը գերադասեցինք նրանց ջերմությունից։

Առաջին քայլերը սկսեցինք Արագյուղի նեղլիկ, ձնածածկ փողոցներով անցնելով։ Այնուհետև անցանք Արագետ գետի կիրճը, որը ձմեռային տեսարաններով կլանեց բոլորիս ուշադրությունը։ Հասնելով լեռան ստորոտ՝ սկսեցինք վերելքը դեպի Վրանասար։ Հետաքրքիրն այն էր, որ լեռան լանջերին եղանակը շատ մեղմ էր. քամի չկար, իսկ արևի լույսը տաքացնում էր դեմքերին։ Վերելքի ընթացքում երեխաները բարձր տրամադրությամբ պատմում էին զավեշտալի պատմություններ, ինչն ավելի հաճելի էր դարձնում քայլելը։

Երբ հասանք գագաթ, բոլորս զգացինք հաղթանակի ուրախություն։ Իհարկե, դա նաև ազդարարեց մեր «սառը պատերազմի»՝ ձնագնդիկ խաղի սկիզբը։ Ձնագնդիկ ասած՝ պատկերացրեք իսկական խենթություն. թավալվում էինք ձյան մեջ, իրար «ռմբակոծում» ձնագնդիկներով ու անմոռանալի պահեր ապրում։ Այնքան էինք տարված խաղով, որ ժամանակի անցնելը չնկատեցինք։

Վրանասարի գագաթից հեռվում երևում էին Թղիթ ամրոցի ավերակները։ Ցավոք, ձյան խտության պատճառով դրանք այնքան պարզ տեսանելի չէին, բայց մենք գիտենք, որ դրանք պատմական մեծ արժեք ունեն։ Հարկ է նշել, որ «ամրոց» ասվածը մի փոքր ընդհանրացված է. փաստացի պահպանվել են միայն նրա ավերակները։

Արշավի վերջում քայլաչափը ցույց տվեց, որ անցել ենք 9 կմ և հաղթահարել 375 մետր բարձրություն։ Այս տարեվերջյան արշավը մեզ համար դարձավ ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև հոգեվոր լիցքաթափման լավագույն միջոց։ Նախատոնական տրամադրությամբ վերադարձանք Երևան՝ պատրաստվելով Նոր տարվա տոնական միջոցառումներին։