4 Գագաթ 4 Տարի
4 գագաթը բոլորեց 4 տարին։ Այս խորհրդանշական հոբելյանական տարին չէր կարող հենց այնպես անցնել և կրկին սկսեցինք նախապատրաստվել հանդիսավոր միջոցառմանը։ Մեկ ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից և երեխաների հետ փորձեր անցկացնելուց հետո՝ փետրվարի 19-ին արդեն պատրաստ էինք մեր հյուրերին ընդունել Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի սրահներից մեկում։ Մենք միշտ սովոր ենք միմյանց տեսնել արշավային հանդերձանքով, քամուց կամ արևից կարմրած դեմքով, խառնված մազերով, բայց այդ օրը բոլորս էինք փոխվել՝ գեղեցիկ հագուստներ, խնամքով հարդարված մազեր և հուզմունքից կարմրած այտեր։
Միջոցառումը վարելու լուրջ առաքելությունը դրված էր երեխաների ուսերին, ինչը նրանց մոտ շատ լավ և անմիջական ստացվեց։
Չորս գագաթ լեռնային ակումբը 2016թ․-ից է սկսել իր գործունեությունը և այդ օրից մինչ այժմ բովանդակ ուղի ենք անցել, որը լի է եղել գիտելիքներով և գեղեցիկ օրերով, մեր արշավները Արագածի գագաթների պես ձգվել են հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք: Հենց այս ամենի մասին էլ պատմեցին երեխաները, որոնցից առանձնացրել էինք Արամազդ, Ամուլսար և Մազազ լեռների վերելքները։
Միջոցառման շրջանակներում նայեցինք նաև հատուկ պատրաստված վիդեոնյութեր, ինչն ավելի պատկերավոր դարձրեց մեր անցած ուղին և հնարավորություն տվեց հյուրերին ծանոթանալ երեխաների հետ։
Այս չորս տարիների արդյունքում․
1․ Դասեր են կազմակերպվել 12 խմբերի համար, որին ներգրավվել է 113 երեխա,
2․ Դասերի շրջանակում անցել ենք 15 տեսական թեմա իրենց ենթաթեմաներով,
3․ Կազմակերպվել են գործնական մարզումներ՝ կողմնորոշում, վրան տեղադրել, մագլցում, գետանցում և այլն,
4․ Կազմակերպվել է 83 արշավ, որոնցից 39-ը՝ անտառներով և կիրճերով, իսկ 44-ը՝ լեռնային վերելքներ։ Այս արշավների արդյունքում անցել ենք 549 կմ,
5․ Կազմակերպվել են 4 վրանային ճամբարներ Ստեփանավան քաղաքում,
6․ Իրականացվել են բնապահպանական միջոցառումներ,
7․ Գործում է 4Peaks.am կայքը,
8․ Ակումբի համար գրվել է «Լեռներ» երգը,
9․ Գնահատանքի ենք արժանացել պետական մարմինների կողմից,
10․ Ձեռք ենք բերել գործընկերների և աջակիցների մեծ բանակ։
Բարեբախտաբար մեր ակումբն այն հաջողակներից է, որն իր գործունեության օրից հանդիպել է այնպիսի անձանց և կազմակերպությունների, որոնք մեծ ոգևորությամբ օգնության ձեռք են մեկնել և նպաստել մեր առաջխաղացմանը։ Նախկինում մեր կողմից արդեն իսկ հանձնվել էին շնորհակալագրեր և այս միջոցառումն էլ առիթ եղավ շնորհակալագրեր հանձնել վերջին երկու տարվա ընթացքում ձեռք բերած գործընկերներին։
Շնորհակալագրեր հանձնվեցին․
1․ «Հայաստանի դահուկային ֆեդերացիային»՝ «4 ԳԱԳԱԹ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ին աջակցելու՝ ակումբի անդամների համար Աշոցքում կազմակերպված բարձրակարգ դասընթացի համար
2․ Yerevan Zipline Airlines-ին՝ «4 ԳԱԳԱԹ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ին աջակցելու՝ ակումբի անդամների համար անվտանգ թռիչք կազմակերպելու և ճախրելու հնարավորություն տալու համար
3․ «Լոգոս» հոգեբանական խորհրդատվական կենտրոնին՝ «4 ԳԱԳԱԹ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ին մշտապես աջակցելու՝ մասնագիտական խորհրդատվությամբ օգնելու համար
4․ «Հատիս Տուր»-ին՝ «4 ԳԱԳԱԹ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ի անդամ Էվելինա Դանիելյանին 2019թ․-ի Արարատ լեռան վերելքի թիմում ընդգրկելու և ամենաերիտասարդ հայուհուն գագաթ ուղեկցելու համար
5․՝ Հարություն Սարիբեկյանին՝ «4 ԳԱԳԱԹ ԼԵՌՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» լեռնագնացության զարգացման ՀԿ-ին աջակցելու՝ Անտառամեջում կազմակերպված վրանային ճամբարի համար։
Ակումբի բոլոր երեխաներն էլ շատ ուժեղ են, քանի որ կարողանում են հաղթահարել իրենց առջև ծառացած բնական դժվարությունները, ցուցաբերում են հզոր կամային հատկանիշներ և դիմացկունություն։ Միջոցառման ընթացքում վկայագրեր հանձնվեցին այն երեխաներին, ովքեր առավել մեծ ակտիվություն են ցուցաբերել և մասնակցել արշավներին։ Այս վկայագրերը տրվել են, ոչ թե որպես ամենաուժեղի այլ ներքոնշյալ հատկանիշների համար, որն առավել կոնկրետ դեպքերով ներկայացվեց միջոցառման ժամանակ։
Վկայագրեր ստացան՝
1․ Լիանա Թոսունյանը՝ արշավների և վերելքների ժամանակ ցուցաբերած համառության, անսահման համբերության, կամքի և դիմացկութնության համար։
2․ Արամ Բախչինյանը` ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և փոքրերին օգնելու պատրաստակամության համար
3․ Աստղիկ Միրաքյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և դժվարությունները հաղթահարելու կարողության համար
4․ Ալեքս Բաբաջանյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և դժվարությունները հաղթահարելու կարողության համար
5․ Մարիամ Զարգարյանը՝ «Վրանային ճամբար»-ի ժամանակ խարույկի և հումորի միջոցով ջերմություն ապահավելու համար
6․ Արփի Բադալյանը՝ «Վրանային ճամբար»-ի ժամանակ խարույկի և հումորի միջոցով ջերմություն ապահավելու համար
7․ Արամ Աբազյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և մեծերին օգնելու համար
8․ Անդրանիկ Ավագյանը՝ «Վրանային ճամբար»-ի ժամանակ խարույկը վառ պահելու համար
9․ Սարիբեկ Մատոսյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և դժվարությունները հաղթահարելու կարողության համար։
10․ Մարինա Բաղդյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և «4 ԳԱԳԱԹ» լեռնային ակումբի անդամներից ամենաշատը արշավներին մասնակցելու և լեռնային վերելքներ կատարելու համար։
11․ Էվելինա Դանիելյանը՝ ցուցաբերած կամքի, ուժի, դիմացկունության և որպես «4 ԳԱԳԱԹ» լեռնային ակումբի անդամ ամենաբարձր վերելքի՝ Արարատ բարձրանալու համար, ինչի արդյունքում նա դարձավ Արարատ բարձրացած ամենաերիտասարդ հայուհին։
Խոսքով հանդես եկան նաև ակումբի ծնողները, ովքեր նաև անակնկալ էին պատրաստել ակումբի մարզչական կազմի համար։ Ծնողների գնահատանքը շատ մեծ ոգևորություն փոխանցեց մեզ, քանի որ գիտակցեցինք, որ ճիշտ ճանապարհով ենք առաջ գնում և պետք է կատարելագործել ունեցած ձեռքբերումները։
Միջոցառումը սկսեցինք և ավարտեցինք 4 կիթառների գեղեցիկ կատարմամբ։