4 Գագաթի 5-րդ բարձունքը
24․02․2021թ․-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ <<4 Գագաթ լեռնային ակումբ>> լեռնագնացության զարգացման ՀԿ-ի գործունեության 5-րդ տարվան նվիրված միջոցառումը, որը կրում էր <<4 Գագաթի 5-րդ բարձունքը>> անվանումը։
Միջոցառմանը ներկայացվեց 5 տարիների ընթացքում 4 գագաթ լեռնային ակումբի անցած ճանապարհը, տարիներ, որի ընթացքում առաջ ենք գնացել փոքր, բայց ամուր քայլերով։ Միջոցառման նպատակը ոչ միայն ակումբի գործունեությունը ներկայացնելն էր, այլ նաև այն, որ մասնակիցները տուն վերադառնային որոշակի գիտելիքներով։ Այդ գիտելիքների հարցում մեզ օգնեցին վերափոխված հեքիաթների հերոսները։
Միջոցառումը սկսեցինք գեղեցիկ երաժշտական կատարմամբ, այնուհետև մասնակիցները ծանոթացան երեխաների հետ աշխատող հրահանգչական կազմին։ Գնդլիկ բոքոնիկ և Կիկոսի մահը հեքիաթների վերափոխված տարբերակներում, այն է՝ Կորած-մոլորված արշավականը և Մհերի ՍԱՇՎ-ն ներկայացման միջոցով, երեխաները գիտելիքներ փոխանցեցին կենդանիների վարքի և մեր գործողությունների մասին, կողմնորոշման հմտությունների, սրտի աշխատանքի և շնչառության վերականգնման հմտությունների մասին։ Դիտեցին երեք տեսաֆիլմ մեր ճամփորդությունների մասին, ինչպես նաև մասնակիցներին պատմեցինք 2020թ․-ի հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը Սյունիքի բարձրավանդակում անցկացրած մեր օրերից, որի ընթացքում բարձրացել էինք Թրասար, Ծղուկ և Ուղտասար լեռնագագաթները, ինչպես նաև օգոստոսի 8-ին Արագածի Հարավային և Արևմտյան գագաթներ կատարած վերելքների մասին։
5 տարիների ընթացքում․
- դասեր են կազմակերպվել 16 խմբերի համար, որին մասնակցել են 144, իսկ ավարտել՝ 131 երեխա,
- կազմակերպվել է 93 արշավ, որից 62-ը լեռնագագաթներ,
- անցել ենք 778կմ
- կազմակերպվել է 6 <<Վրանային ճամբար>> Ստեփանավանում, որին մասնակցել է 104 երեխա,
- կազմակերպվել է 3 մեծ աղբահավաք,
- գործում է 4Peaks.am կայքը,
- գնահատանքի ենք արժանացել պետական կառույցների կողմից,
- ակումբն ունի իր երգը, դրոշն ու նշանը։
Երեխաներից 10 հոգի ստացան վկայագրեր յոթ օրում հինգ գագաթ (Թրասար, Ծղուկ, Ուղտասար, Արագածի Հարավային և Արևմտյան լեռնագագաթներ) հաղթահարելու, մեծ կամք, համբերություն և դիմացկունություն ցուցաբերելու համար․
- Արամ Աբազյանը
- Մարինա Բաղդյանը
- Հարություն Գալստյանը
- Լիանա Թոսունյանը
- Արամ Մարտիրոսյանը
- Եվա Հայրապետյանը
- Արեգ Սարգսյանը
- Մարի Պողոսյանը
- Տիգրան Մոսիկյանը
- Արինա Ղևոնդյանը
Մեր ակումբի փոքր մասնակիցներից Լեոն Հայրապետյանը վկայագիր ստացավ մեկ օրում Արագածի Հարավային և Արևմտյան գագաթները բարձրանալու համար․ այդ ժամանակ նա դեռ 6 տարեկան էր։
Հերբերտ Խոնդկարյանին, Մայա Մոսիկյանին և Ֆլորա Պողոսյանին ևս հանձնվեցին վկայագրեր՝ դժվարությունները հաղթահարելու կարողության, անհավանական մեծ կամք, համբերություն և դիմացկունություն ցուցաբերելու համար։