Սուրբ Սարգիս լեռ և Վարդաբլուրի լճեր
Լոռու մարզը լավագույնս է նկարագրում Հայաստանի չքնաղ բնությունը։ Եվ պատահական չէ, որ շատ հայտնի բանաստեղծներ (օր.` Թումանյան) և նկարիչներ (օր.` Սարյան) լոռվա բնությամբ ոգեշնչվել և արարել են գրականության ու արվեստի գործեր։ Կիրակի օրը՝ 17.11.2024թ.-ին, Լոռի գնացինք` անցնելով տարբեր եղանակային գոտիներով։ Լոռին սկզբում դիմավորեց ձնածածկ լեռներով և ճանապարհներով, հետո աստիճանաբար հայտնվեցինք ոսկեգույն աշնան մեջ՝ վարուցանքից զարդարված գորգով ծածկված դաշտերում։ Նպատակ ունեինք Սուրբ Սարգիս լեռը (1569մ) բարձրանալ, որը գտնվում է Վարդաբլուր գյուղում։ Եթե ծանոթ եք Լոռու մարզին, ապա կհամաձայնեք, որ այստեղի բարբառը մի այլ համուհոտ ունի։ Երբ դեռ Վարդաբլուր գյուղից նոր պատրաստվում էինք քայլել, երեխաներից մեկի պապիկը հարցրեց՝ իծաշարուկի՞ եք քայլելու: Սկզբում չհասկացանք, թե ինչի մասին է խոսքը, մինչև որ բացատրեց, որ խոսքը շարքով քայլելու մասին է: Եվ մեր արդեն իսկ բարձր տրամադրությունն այս նոր բացահայտումից ավելի բարձրացավ և սկսեցինք քայլել:
Քայլեցինք Սուրբ Սարգիս լեռան շուրջ և վերելք կատարեցինք Սուրբ Սարգիս լեռան գագաթ, որտեղ տեղավորված են Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը: Գագաթին նաև նավակ կա, ինչը մեր երևակայությունը շարժեց, և սկսեցինք վարկած առաջ քաշել, որ սա է Նոյան տապանը, որը կանգ է առել ոչ թե Արարատի, այլ` Սուրբ Սարգիս լեռան գագաթին))։ Գագաթից տեսարան էր բացվում դեպի կապույտ երկնքով լցված ձորերն ու կիրճերը, գորգագործ դաշտերը, որտեղ մահակին հենված հովիվը հետևում էր դաշտով մեկ շաղ եկած ոչխարներին:
Վերելքից հետո տեղավորվեցինք Վարդաբլուրի լճերի մոտ, խարույկ վառեցինք, խաղեր խաղացինք և ձկնորսություն արեցինք` առանց ձուկ բռնելու արդյունքի:
Գեղեցիկ օրը վայելելուց բացի քայլեցինք 7.5կմ և հաղթահարեցինք 270մ հարաբերական բարձրություն: