Ռինդի վիմափոր եկեղեցի
24․11․2024թ․-ին անվերջ բացահայտվող Հայաստանի հարավում էինք՝ Ռինդ գյուղից 4կմ դեպի հյուսիս։ Հենց այստեղ՝ Գոմադրունք լեռան 1800մ բարձրությամբ լանջերի վրա է գտնվում Ռինդի վիմափոր եկեղեցին։ Եկեղեցու կառուցման թվականը հայտնի չէ, սակայն ենթադրաբար այն կառուցվել է վաղ միջնադարում։ Ցավոք այն անհայտ է գիտական շրջանակների համար։ Եկեղեցին ժայռափոր է, գտնվում է դժվարամատչելի բարձունքի վրա։ Առաջին տպավորությունը, որ Ռինդ անունը հայկական չէ, բայց հայերենում ռինդ (ռինտ, ըռինտ) բառն ունի գեղեցիկ, գրավիչ, հպարտության արժանի իմաստները։
Եղանակը հարմար էր քայլելու համար, և մենք բավականին թեթև կարողացանք հաղթահարել դեպի վիմափոր եկեղեցի տանող զառիթափ արահետը։ Բարձացանք առաջին արահետով, վերադարձանք՝ երկրորդով։ Երկրորդ արահետի ներքևում մեծ քար կա, որն ըստ տեղացիների ջրաղաց է եղել։ Այն ներքևի մասում նեղ մուտք (կամ ելք) ունի, որը քարի ներսում ընդարձակվում է և մի մեծ տարրա դառնում, որի վերևի մասն ասես կաթսայի բերան լիներ։ Բավականին հետաքրքիր էր երեխաներին այս քարն ուսումնասիրել ներսից և դրսից։
Այս անգամ էլ հաղթահարեցինք 340 մ հարաբերական բարձրություն և քայլեցինք 9կմ։