Երեխաների հետ Աղավնո լեռան գագաթին

Անցյալ կիրակի օրը Արագածոտնի մարզում էինք, բարձրացանք Աղավնո լեռը (2309մ)։

Երբ մեքենայից իջանք, ջերմաստիճանը -11 էր, գագաթին՝ -7, իսկ հետ վերադարձին՝ մեքենայի մոտ, ջերմացել էր մինչև -1։ Պատկերացնու՞մ եք չէ, թե ինչ ցուրտ պայմաններում ենք քայլել։ Բայց դե ցուրտը սաստիկ է թվում, քանի դեռ մարմինը չի տաքացել։ Դրանից հետո սկսում ես քայլել, որ նորից չմրսես )):

Փշատերև անտառով քայլելիս մեզ հեքիաթում էինք զգում, երեխաների երևակայությունը վառ պատկերներ էր գծում։ Կենդանիների բազմաթիվ հետքերի մեջ փորձում էինք գտնել գայլի հետքեր, չէ որ այդպես ավելի արկածային է դառնում արշավը։ Բայց մենք միայն նապաստակի և աղվեսի հետքեր տեսանք։ Իսկ ձեր մտքում առաջացած այն հարցին՝ ձյունը շատ էր, թե քիչ, պատասխանը հետևյալն է․ սկզբում քիչ էր, բայց երբ հասանք լեռան զառիթափ լանջերին, տեղ-տեղ սկսեցինք քայլել մեծերի մինչև ծունկ հասնող, իսկ փոքրերի՝ մինչև կոնք հասնող ձյան մեջ։ 

Բայց այս դժվարությունները հատուցվում էն դեպի Արագած լեռ բացվող գեղեցիկ տեսարաններով։ Ապարանի ջրամբարն ամբողջությամբ սառած էր, վրան էլ ձյան շերտ էր, այնպես որ հեռվից դժվար էր տարբերել ջրամբարը շրջակայքի դաշտերից։ Պետք է իմանալ, որ Ապարանի ջրամբարն արհեսդտական ջրամբար է, որը սնուցվում է Քասախ գետից։ Կառուցվել է 1962-1967թթ․ Ցոլակ Հակոբի Գևորգյանի կողմից։

Ցրտից թարմացած, գեղեցկությամբ հարստացած, կամային և ֆիզիկական հատկանիշները զարգացրած վերադարձանք Երևան՝ քայլելով 9 կմ և հաղթահարելով 480մ բարձրություն։