Արշավ դեպի Թռչկանի ջրվեժ
21.01.2024թ.-ի արշավի նպատակակետը գտնվում էր Շիրակի և Լոռու մարզերի սահմանին: Սկսեցինք Շիրակի մարզից և մոտեցանք Լոռու մարզին: Խոսքն իհարկե Թռչկանի ջրվեժի մասին է: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։
Հենց այս բնության հուշարձանը տեսնելու նպատակով էլ արշավի այս ուղղությունն ընտրեցինք՝ հույս ունենալով, որ բախտ կվիճակվի ջրվեժը տեսնել սառցակալած:
Եղանակը հակասական էմոցիաներ էր առաջացնում՝ երկինքը մթնած էր, լեռները սպիտակ, որոնց վրա տերևներից զրկված ծառերն էին շարվել իրենց սև ուրվագծերով: Չնայած մթնած եղանակին, երեխաներն իհարկե շողշողում էին: Քայլել սկսել էինք Ձորաշեն գյուղի մոտակայքից և այստեղ էլ պետք է վերադառնայինք: Այս արշավի միակ դժվարությունը գետն անցնելն էր: Չիչխան գետը լայն և ջրառատ է, այնպես որ բավականին ժամանակ ծախսեցինք գետն անցնելու հարմար տեղ ընտրելու ժամանակ: Թռչկանի ջրվեժն էլ կիստա-պռատ էր սառել, ինչը մի փոքր տխրեցրեց, բայց միևնույն է՝ շատ գեղեցիկ էր: Այստեղ հանդիպեցինք «Թռիչք» արշավական ակումբին: Սա լեռնային երկրորդ հանդիպումն էր թռիչքցիների հետ:
12կմ քայլելուց և 158մ բարձրություն հաղթահարելուց հետո վերադարձանք մեր սիրելի Երևան: Չնայած ճանապարհի երկարությանը և ձների մեջ քայլելուն, երեխաների էներգիան անսպառ էր, ինչի վառ ապացույցը ավտոբուսում տիրող անդադար աղմուկն էր:









