DSC

Արշավական երեխաները Քասաղի կիրճում

2025 թվականի փետրվարի 23-ին երեխաների հետ անցանք Քասաղի կիրճը՝ ծանոթանալով պատմամշակութային հայտնի և քիչ հայտնի ժառանգությանը։ Արշավը սկսեցինք Օհանավան գյուղից։ Ձմեռը իր ճերմակով ծածկել էր գյուղը, շրջակա բարձունքները և, իհարկե, Քասաղի կիրճը։

Շրջեցինք Հովհաննավանքում, հիացանք ասեղնագործ խաչքարերով, եղանք նաև վանքի տակ գտնվող քարանձավում։ Հովհաննավանքից ոչ հեռու գտնվում է խոնարհված և քիչ հայտնի Սերկևիլավանքը, որը թեև կիսաքանդ է, բայց շատ գեղեցիկ։ Եկեղեցու շրջակայքում տեսանք հնագույն Կիկլոպյան ամրոցի հետքեր, որտեղ մարդիկ բնակվել են դեռևս բրոնզե դարում։

Հենց Սերկևիլավանքի մոտից էլ սկսեցինք իջնել դեպի Քասաղի կիրճ։ Մռայլ երկինքն ավելի էր ընդգծում կիրճի խորությունը, ուղղահայաց լանջերի ձյունը, իսկ Քասաղ գետի սառը աղմուկը առեղծվածային զգացողություն էր հաղորդում։ Թվում էր, թե ձմեռային արշավների ժամանակ երեխաները պետք է քայլեն առաջապահի բացած հետքերով՝ առանց այլ բանով տարվելու, քանի որ ձմեռային արշավները հեշտ չեն։ Սակայն նրանք ոչ միայն քայլում էին, այլև ձնագնդիկ էին խաղում, փորձում շարքից առաջ անցնել, երբեմն հետ էին մնում ու վազելով հասնում խմբին։ Մի խոսքով՝ ավելի շատ էին շարժվում ու էներգիա ծախսում, քան անձյուն արշավների ժամանակ։

Սկզբում ճանապարհի մի հատված անցանք մեքենայի անիվների հետքերով, որոնք ավարտվում էին Կարմիր վանք կոչվող քարանձավի անապատի մոտ (ըստ տեղադրված ցուցանակի այն կոչվում է ժայռափոր եկեղեցի Սուրբ Աստվածածին, սակայն մասնագետների կարծիքով դա ճիշտ անվանում չէ)։ Այստեղից արդեն քայլեցինք ձյան միջով, որը կիրճից դուրս գալուն մոտ նույնիսկ մինչև ծունկ էր հասնում։

Եղանակն էլ շատ գեղեցիկ էր։ Սկզբում ամպամած էր, հետո մի պահ կապույտ երկինք բացվեց, այնուհետև նորից ամպամած դարձավ և փաթիլ-փաթիլ ձյուն սկսեց տեղալ, ապա կրկին բացվեց կապույտ երկինքը։

Այսպես՝ խոսք ու զրույցով, ձյան մեջ քայլելով ու երբեմն թավալվելով, հասանք Սաղմոսավանք։ Վանքի բարձունքից դիտեցինք այն ահռելի ճանապարհը, որ անցել էինք կիրճով, ներքուստ հիացանք մեր ուժով ու վերադարձանք Երևան։

Արդյունքում՝ քայլեցինք 7.5 կմ և հաղթահարեցինք 300 մետր բարձրություն։