Հավուց Թառ վանական համալիր և Քարերի սիմֆոնիա
15․12․2024թ․-ի մի ցրտաշունչ առավոտ ճանապարհ բռնեցինք դեպի Կոտայքի մարզ։ Եղանակը հուշել էր, որ չխափնվենք արևաշող և լազուր երկնքին, քանի որ օդի ջերմաստիճանը բավականին իջնելու էր։
Պարզ օդի մեջ Արարատ լեռն այնքան մոտ էր, թվում էր՝ ձեռքդ մեկնես և կդիպչես, իսկ Արագածն ասես օդից կախված լիներ։ Բայց այս պարզ օդը նաև շատ սառն էր, որը մեզ ստիպեց առանց դադարների քայլել։
Արշավի շրջանակում պետք է քայլեինք դեպի Հավուց Թառ վանական համալիր և վերջում այցելեինք նաև Քարերի սիմֆոնիա։ Քայլարշավի սկիզբը Գառնու այցելուների կենտրոնից էր։ Դեպի Հավուց Թառ տանող ճանապարհն ամբողջությամբ ձնածածկ էր ու ցրտի պատճառով բավականին պինդ էր, քայլելիս չէինք խրվում, ինչի շնորհիվ համեմատաբար հեշտ էր քայլելը։ Չնայած ցրտին ու դրա պատճառով հանգստի նպատակով չկանգնելուն, երեխաները պահ էին գտնում ձնագնդիկ խաղալու համար։ Քայլարշավային արահետն ամբողջ ընթացքում ստվերի մեջ էր, բայց մենք ոգևորվում էինք, տեսնելով, որ Հավուց Թառն արևոտ է։
Այս արշավի շրջանակում եղանք Խոսրովի անտառ պետական արգելոցում, բացահայտեցինք Հավուց Թառը, եղանք նաև Քարերի Սիմֆոնիայում։
Խոսրովի անտառ պետական արգելոցը պետության կողմից պահպանվող տարածք է։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ.Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։
Հավուց Թառը եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել 12-14 դարերում: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոն»-ը, բնական հուշարձան է։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։
Ահա թե ինչ հրաշալիքների հետ ծանոթացանք մեկ արշավի ընթացքում, բացի այն, որ քայլեցինք 7․5 կմ և հաղթահարեցինք 250մ հարաբերական բարձրություն։







