Խամշի վանք և Սևանա լիճ
13.10.2024թ.-ին մեզ համար բացահայտեցինք Նոր եղցի կամ Խամշի վանքը: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում: Շատերի համար Գեղարքունիքի մարզը չի ասոցացվում անտառապատ տարածքների հետ, բայց արի ու տես, որ այս մարզում գեղեցիկ անտառներ ևս կան: Խամշի վանք տանող ճանապարհն անցնում է անտառով, որն այս օրերին գեղեցիկ աշնանային գույներով է ներկված: Ոտքերի տակ խշխշոցով, անտառի բույր շնչելով, աչքերի մեջ բազմապիսի գույներով հասանք վանք:
Խամշի վանքը միջնադարյան Հայաստանի Ուտիք նահանգի Միափոր գավառի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն էր: Վանքը հիմնադրվել է 9-10-րդ դարերում և գոյատևել մինչև 13-րդ դարի կեսերը: 12-13-րդ դարերում Խամշի վանքը հանդիսացել է Աղվանից կաթողիկոսների նստավայրը: Համաձայն 13-րդ դարի նշանավոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ Խամշի վանքն առաջին անգամ ավերածությունների է ենթարկվել 1231 թ. Խորեզմի թագաժառանգ Ջալալեդդինի ավերիչ արշավանքների ժամանակ: Աղվանից կաթողիկոսության միաբանները, տեսնելով, որ վանքն անհնար է վերականգնել, վերադառնում են Արցախ և Խամշի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օրինակով սկսում կառուցել Գանձասարի վանքը: Խամշի վանքն այլևս չի հիշատակվում աղբյուրներում, իսկ վանքն ավերակ վիճակում մնացել և հասել է մինչև մեր օրերը: Երբ մտովի փորձում ես փազլ հավաքել տարածքում գտնվող պատուհանների պսակների, քանդակազարդ քիվերի և այլ քանդակներով հարդարված հարյուրավոր բեկորներից, հասկանում ես, թե ինչ արժեքավոր կառույցի ավերակներում ես գտնվում, և մեծ ափսոսանք ես ապրում: Վանքում շրջելուց և մասունքները ուսումնասիրելուց հետո անտառի մի հարմար վայրում խաղեր խաղացինք, լիցքաթափվեցինք և գնացինք Սևանա լիճ: Անտառում խարույկի համար նախապես փայտ էինք հավաքել, որպեսզի Սևանի ափին խարույկ վառենք: Մինչ խարույկը կվառեինք, մի քանի համարձակներ ջուրը մտան: Սևանը պարզ-պարզ էր, հեռվում երևում էին Գեղամա լեռների հրաբխային կոնաձև գագաթները, ափին մի մասը տարված էր խարույկ վառելով, մյուսները՝ լճի մեջ քար նետելով և քարեր հավաքելով, մի խումբն էլ պարզապես վայելում էր լճի խաղաղ ծփանքը: