«4 ԳԱԳԱԹ լեռնային ակումբ»-ը իր գործունեությունը սկսել է 2016թ. փետրվարի 9-ից: Կազմակերպության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխաների և պատանիների շրջանում լեռնագնացության, մագլցման և լեռնային զբոսաշրջության զարգացմանը, դրանք հանրամատչելի դարձնելուն և տարածելուն, ինչպես նաև բարձրացնել լեռնագնացության, մագլցման և լեռնային զբոսաշրջության ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակությունը: Մեր նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության զարգացմանը, երեխաների մեջ բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև հայրենասիրության զարգացմանը։
Ակումբի գործունեության ուղղությունները՝
- Դասեր (ոչ ֆորմալ կրթություն) և արշավներ – Մենք կազմակերպում ենք դասեր, որոնց տևողությունը հինգ ամիս է։ Դասերի ընթացքում երեխաները սովորում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ արշավների, լեռնագնացության և բնության մասին՝ բնական արգելքներ և դրանց հաղթահարում, լեռնային վտանգներ, քարտեզ, պայմանական նշաններ, կողմնացույց, առաջին օգնություն, Հայաստանում հանդիպող գիշատիչ կենդանիներ և թռչուններ, նրանց վարքը և մեր վարքը նրանց հետ հանդիպելու դեպքում, աշխարհագրություն, արշավային գույք-հանդերձանք, հանգույցներ, ինչպես պատրաստվել արշավին, վարքագիծը արշավի ընթացքում, վրանի տեղադրում, մագլցում, արտակարգ իրավիճակներ և այլն:
Մեկ ամիս դասերին մասնակցելուց հետո երեխաները սկսում են մասնակցել արշավներին։ Դասերն ավարտելուց հետո երեխաները համարվում են ակումբի անդամ և շարունակելու են մասնակցել արշավներին։ Դասերին մասնակցած երեխաների համար կազմակերպվում են տարբեր բարդության արշավներ, այդ թվում՝ Արագածի 4 գագաթների վերելք, քայլարշավներ և վերելքներ արտերկրում։ Դասերին մասնակցած երեխաները կարող են հավակնել նաև «Պատանի լեռնագնաց» կրծքանշանին։
Տեսական և գործնական դասերի միջոցով 6-14 տարեկան երեխաներին սովորեցնում ենք հմտություններ, որոնք ուղղված են անվտանգության ապահովմանը, թիմային աշխատանքի կազմակերպմանը, լեռնային բնության ճանաչմանը, բնական արգելքների հաղթահարմանը, բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելուն, կողմնորոշմանը, մագլցման տեխնիկային տիրապետելուն, ֆիզիկական պատրաստվածությանը, առողջ ապրելակերպին, բնության պահպանությանը և այլն։
- Արշավներ բոլորի համար – Կազմակերպում ենք թեթև և միջին բարդության արշավներ բոլոր ցանկացողների համար։
- Արշավների կազմակերպում մանկապարտեզների, դպրոցների և այլ կրթական հաստատությունների համար – Կազմակերպում ենք հատուկ արշավներ կրթական հաստատությունների երեխաների համար՝ հարմարեցված տարիքին ու հնարավորություններին։
- Վրանային ճամբարներ – Վրանային ճամբարներին կարող են մասնակցել ոչ միայն ակումբի երեխաները, այլ նաև ակումբի անդամ չհանդիսացող երեխաները։
Դասերի և արշավների ընթացքում ստացած գիտելիքները և դրանք գործնականում կիրառելու հմտությունները կօգնեն երեխաներին կյանքի տարբեր ոլորտներում։
Քայլարշավներն ու լեռնագնացությամբ զբաղվելը նպաստում են կամային հատկանիշների, դիմացկունության և համբերատարության զարգացմանը, ինչն էլ իր հերթին օգնում է երեխաներին ապագայում հասնել իրենց նպատակներին՝ թե՛ ուսման, թե՛ աշխատանքային և այլ ոլորտներում։ Երեխաները վերելքներ են իրականացնում լեռներ, անցնում կիրճեր և անտառային արահետներ։ Ժայռամագլցման մարզումները կազմակերպվում են ինչպես դահլիճային պատերի, այնպես էլ՝ ժայռերի վրա։
Երեխաների հետ աշխատանքում ներգրավված են լավագույն, փորձառու և մանկավարժական փորձ ունեցող հրահանգիչներ։
Ակումբի անվանումը խորհրդանշում է Արագած լեռան չորս գագաթները՝ դառնալով գրավիչ և խորհրդանշական Հայաստանի լեռնագնացության աշխարհում։