Ո՞վ կբարձրանար լեռ, որը կոչվում է Ոջլոտ
Աննախադեպ իրադարձություն աշխարհի արշավային պատմության մեջ (և մեծերի, և փոքրերի)։
Օրեր առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ 30․03․2025թ․-ին, 4 գագաթ լեռնային ակումբի երեխաներին հաջողվեց վերելք իրականացնել ոչ պակաս աննախադեպ անունով Ոջլոտ լեռնագագաթը։
Իսկ եթե լուրջ, Ոջլոտ լեռը Բազումի լեռների ճյուղավորումներից՝ Չքնաղի լեռների գագաթներից է։ Ունի 2159մ բարձրություն։ Վերելքի ժամանակ այս գագաթի անունը անընդհատ ստիպում էր մտածել, թե ինչու են հենց Ոջլոտ դրել լեռան անունը, բայց ոչ մի խելամիտ կամ տրամաբանական պատասխան չգտանք։ Ոչ ոջիլ տեսանք, ոչ էլ ոջլոտ հետ վերադարձանք )))։
Հենց այս տարօրինակ անունն էր պատճառը, որ որոշեցինք բարձրանալ այս լեռը։ Վերելքը սկսեցինք Գոգարան գյուղից։ Արշավի սկիզբն ուրախ տրամադրությամբ լցրեց իր համար խոտ ուտող ձին, որը մեզ տեսնելով, մոռացավ կանաչ խոտը, և սկսեց մեզ հետ քայլել։ Երբ հետ էր մնում շարքից, մեկ էլ սկսում էր վազելով գալ։ Բայց երբ սկսեցինք հեռվանալ գյուղից, ձին չշարունակեց արշավը և հետ գնաց։
Սարի լանջին լքված ավտբուս կար, որը հենց սկզբից գրավեց երեխաների ուշադրությունը, ու ստիպված այստեղ դադար արեցինք՝ հետաքրքրությունը սպառելու նպատակով։ Երեխաների մի խումբն ավտոբուսով էր տարված, մյուս խումբը՝ վազքի մրցույթով։
Գագաթին վայելեցինք դեպի Փամբակի լեռներ և Գոգարան գյուղ բացվող տեսարաններով։ Խառը զրույցներից, խինդ ու ծիծաղից հետո սկսեցինք ցած իջնել։
Գոգարան գյուղում այցելեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գոգարանի սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, սակայն Խորհրդային տարիներին գործող մասնագետները եկեղեցին միտումնավոր թվագրում էին 17-րդ դար, քանի որ չէին ցանկանում որևէ կապ ունենալ նախկին (հեթանոսական) մշակույթի հետ։ Սակայն պեղումների արդյունքում հայտնի է դարձել, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական մեհյանի գետնախարիսխի վրա։
Անցանք՝ 6 կմ
Բարձրություն՝ +350 մ
Վերելք՝ 2159 մ




