Սղնախ, Լագոդեխի, Թբիլիսի
Հոկտեմբերի 10-12-ը Վրաստանում էինք, այս տարի՝ արդեն երկրորդ անգամ։ Երեխաների հետ պետք է բացահայտեինք ինչպես Վրաստանի պատմամշակութային կողմը, այնպես էլ՝ բնության գեղեցիկ անկյուններից մեկը։
Կեսօրին բարեհաջող անցնելով հայ-վրացական սահմանը, շարժվեցինք դեպի Կախեթի մարզ՝ Սղնախ քաղաք։ Երկար-բարակ ճանապարհն անցնելուց հետո առաջին կանգառը Սղնախից 2 կմ հեռավորության վրա գտնվող Բոդբե (Բադբիի) վանական համալիրն էր, որտեղ տեսանք նաև Ս․ Նինոյի (Նունե) գերեզմանը, հիացանք վանական համալիրի յուրահատկությամբ, ինչպես նաև՝ Ալազանի հովիտով։ Այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը դեպի սիրահարների քաղաք Սղնախ: Շրջեցինք նեղլիկ, քարքարոտ փողոցներով, որոնք անցնում էին փայտե պատշգամբներով տների մոտով: Ուշ երեկոյան հասանք Լագոդեխի, որտեղ մեզ էր սպասում համեղ ընթրիքը։
Պետք էր հանգստանալ, վերականգնել ուժերը և պատրաստվել հաջորդ օրվա արշավին։
Առավոտյան նախաճաշից հետո շարժվեցինք դեպի Լագոդեխի ազգային պարկ, նպատակը՝ հասնել Նինոցխեվի ջրվեժ։ Այս արահետը շատ գեղեցիկ և լավ մշակված է։ Նույնիսկ աշնանը, տպավորություն է, որ դեռ ամառ է, քանի որ ծառերը, քարերը և ժայռերը մեծ մասսամբ պատված են հետերա (Hedera helix) բույսով, իսկ այն մշտադալար է, էնպես որ կանաչն անընդհատ ներկա է աշնան մեջ։ Արահետի մի հատվածում անհրաժեշտ է գետ անցնել, որն այս տարի շատ ավելի հեշտ էր անցնելը, քանի որ գետի վրա նոր կամուրջ էին կառուցել։
Լագոդեխի ազգային պարկը Վրաստանի ամենահին և ամենախնամված բնական տարածքներից է՝ մի վայր, որտեղ բնությունը պահպանել է իր իրական, անխախտ հմայքը։ Լագոդեխի անտառներն իրենց մուգ կանաչով հիշեցնում են հեքիաթային աշխարհ․ ծառերը, հողը, քարերն ու ժայռերը պատված են հետերայով, որի փայլուն տերևները ասես կանաչ ծածկոց լինեն։
Պարկի ամենամեծ գոհարը՝ Նինոցխեվի ջրվեժը, գտնվում է խիտ անտառների խորքում։ Այնտեղ հասնելն ինքնին հեշտ չէ՝ արահետն անցնում է լեռների զառիթափ լանջերով, փոքրիկ փայտե կամրջակներով, տեղ-տեղ արհետը բավականին նեղանում է, ինչը դժվարացնում է դիմացից եկողին ճանապարհ զիջելը։ Իսկ երբ 7․5 կմ քայլելուց հետո վերջապես մոտենում ես ջրվեժին՝ հանկարծ բացվում է հսկայական քարե պատի վրայից փրփրող ջրի անկում, որը շրջապատված է ժայռերով, խիստ զառիթափ անտառով և մամռակալած քարերով։ Իսկ գետի որոշ ավազաններ իրենց մեջ էին առել բնության գույները և կանաչավուն երանգ ստացել։
Նինոցխեվի ջրվեժի մոտակայքից սկսեցինք հետ վերադառնալ և մեքենային հասանք մթնշաղին։ Արդյունքում քայլեցինք 15 կմ և հաղթահարեցինք 700մ հարաբերական բարձրություն։
Վերջին՝ երրորդ օրը նվիրեցինք Թբիլիսիում շրջելուն՝ Հավլաբար, Նարիկալա ամրոց, ճոպանուղի, Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Էջմիածին եկեղեցի, Սուրբ Գևորգ եկեղեցի և Սայթ-Նովայի գերեզման ․․․ Քաղաքային շրջայցից հետո ուղևորվեցինք Հայաստան։
Այս երեք օրերն հիշարժան էին երեխաների համար՝ լի բացահայտումներով, քայլարշավներով, նոր գիտելիքներով ու անմոռանալի տպավորություններով։ Նրանք տեսան Վրաստանի պատմությունն ու բնությունը։













