n

Երեխաների արշավը Ջուխտակից Հաղարծին արահետով

Կիրակի օրը (15․03․2026թ․) «4 գագաթն» անցավ բավականին բարդ և փորձառություն պահանջող երթուղի՝ Ջուխտակ վանքից դեպի Հաղարծին վանական համալիր։ Այս ուղին ինքնին հեշտերից չէ, իսկ ձյան պայմաններում այն դարձավ իսկական լեռնային փորձություն։

Արշավի սկիզբը անցնում էր անտառով։ Այստեղ ձյունն այնքան էլ շատ չէր, և մենք բավական արագ էինք առաջ շարժվում։ Անտառի ձնածածկ ծառերի միջով քայլելը մի յուրահատուկ լռություն ու գեղեցկություն ուներ․ ամեն ինչ կարծես սպիտակ հեքիաթի մեջ լիներ։

Սակայն բարձրության հետ պայմաններն աստիճանաբար փոխվեցին։ Ձյունը գնալով շատանում էր։ Իսկ այս ձյունը նստել էր մեկ գիշերվա ընթացքում՝ քայլելը դարձնելով ավելի ծանր ու դանդաղ։ Մեզ ուղեկցում էր նաև մեղմիկ տեղացող ձյունը, իսկ որոշ հատվածներում ճանապարհը անցնում էինք մառախուղի մեջ։

Քայլում էինք երկար շարքով՝ մեկը մյուսի հետքը պահելով, քանի որ արդեն յուրաքանչյուր քայլը ուժ էր պահանջում։

Ճանապարհի որոշ պահերին թվում էր, թե այն վերջ չունի։ Ձյունը գնալով խորանում էր, և մեր քայլքի արագությունը զգալիորեն նվազել էր։ Երբ օրը մթնեց, երթուղու մի զգալի հատված արդեն անցնում էինք լապտերների լույսի ներքո։ Այդ լույսի նուրբ շղթան կարծես կապում էր մեզ՝ լռության մեջ առաջ շարժվող մի խումբ, որտեղ ամեն քայլն ավելի զգոն էր։

Բայց հենց այդ մթության մեջ էր, որ բնությունը բացեց իր անսովոր, կախարդական դեմքը։ Մառախուղը մնացել էր ներքևում՝ սահուն լցվելով լեռների գիրկը, ինչպես հանգիստ շնչող ծով։ Վերևում՝ պարզ ու անամպ երկինք, ծիկրակող աստղեր, իսկ ներքևում՝ ամպերի անհուն ծով։ Լեռները հստակ ուրվագծվել էին այդ հակադրության մեջ՝ մթության ու լույսի, իրականի ու երազի սահմանագծին։

Լեռներում միշտ ձգտում ենք ժամանակին ավարտել երթուղին։ Այդ օրը, անկեղծ ասած, ուշ վերադառնալը լավագույն սցենարը չէր։ Սակայն կես ճանապարհից հետո ձյան քանակն այնքան էր ավելացել, որ արագ առաջ շարժվելը պարզապես հնարավոր չէր։ Այդ պայմաններում ամենաճիշտը հանգիստ, կազմակերպված և անշտապ շարունակելն էր։

Եվ մենք հենց այդպես էլ արեցինք։ Քայլեցինք համբերությամբ, մեկը մյուսին օգնելով, ճանապարհ բացելով ու պահելով խմբի ռիթմը։ Երբ վերջապես հասանք երթուղու ավարտին, արդեն մութ էր, բայց բոլորի դեմքին նույն զգացողությունն էր՝ հոգնածություն և միաժամանակ բավարարվածություն, որ ավարտվեցինք քայլելը։

Լեռները երբեմն տալիս են ոչ միայն գեղեցիկ տեսարաններ, այլ նաև իրական դասեր․ դիմացկունության, թիմային աշխատանքի և հանգիստ որոշումներ ընդունելու մասին։

Այդ օրը մենք անցանք հենց այդպիսի մի ճանապարհ։ Եվ հենց դրա համար էլ այն երկար կհիշվի։

Ձյունը լեռներում ամեն ինչ փոխում է։ Նույն ճանապարհը, որը գարնանը, ամռանը և աշնանը հեշտ է թվում, ձմռանը կարող է դառնալ իրական փորձություն։ Ձյունը դանդաղեցնում է քայլքը, թաքցնում արահետները, իսկ երբեմն ստիպում է յուրաքանչյուր քայլը զգուշորեն մտածել։

Բայց հենց ձնածածկ արշավներն ունեն իրենց յուրահատուկ կախարդանքը ։ Սպիտակով ծածկված անտառներ և լեռներ, լռություն, մեղմ տեղացող ձյուն և մեկը մյուսի հետքը պահող, երկար շարքով քայլող արշավականներ։ Այդպիսի օրերին լեռները դառնում են ավելի խիստ, բայց նաև ավելի գեղեցիկ։

Ձյունոտ արշավները պահանջում են ավելի շատ պատրաստվածություն, համբերություն և թիմային աշխատանք։ Սակայն դրա դիմաց տալիս են այնպիսի հիշողություններ, որոնք երկար ժամանակ են մնում մարդու հետ։

Լեռներում ձյունը պարզապես եղանակ չէ։ Այն փորձություն է, իսկ փորձություն սիրողների համար՝ նաև կախարդանք։

  • Ուղղությունը՝ Ջուխտակ վանքից Հաղարծին․
  • Անցած ճանապարհ՝ 22 կմ, 1000մ հարաբերական․
  • Եվ՝ ամբողջ ճանապարհի անցումը ձյան պայմաններում։