DSC

Եղունիկի Էր, Սլուլիկ Էր քարանձավներ

29.03.2026թ․-ին գնացել էինք Տավուշի մարզ։ Այս անգամ հավես փորձություններ էին մեզ սպասվում։ Արշավը սկսեցինք Ենոքավան գյուղի մոտակայքից, հետո գնացինք Եղունիկի Էր և Սլուլիկ Էր քարանձավներ։ Նախորդ շաբաթ ակումբի ուղեկցորդներով գնացել էինք տարածքն ուսումնասիրելու, որպեսզի հասկանանք, երեխաներին հարմար է այդ արահետն անցնելը, թե ոչ։ Այդ օրն արդեն իսկ գետն անսովոր ջրառատ էր։ Սովորաբար Մթնաձոր գետը սակավաջուր է լինում, բայց այդ օրը պետք էր մի փոքր երկար մտածել, թե որտեղով գետն անցնել։ Ինչևէ, հասկացանք, որ երեխաների հետ արշավի օրը գետն անցնելը հավես փորձություն է լինելու։ Եվ չէինք սխալվել։ Թեև Երևանում անձրև էր, իսկ Ծովագյուղին մոտ նույնիսկ թեթև ձյուն էր գալիս, բայց Տավուշը մեզ դիմավորեց առանց տեղումների ու տաք, իսկ Իջևանին մոտ նույնիսկ կապույտ երկինքն էր ժպտում։ Նոր կանաչող բնությունը, իրենց համար հանգիստ արածող ձիերն ու քուռակները, կովերն ու հորթուկները զարմացած մեզ էին նայում։ Դեպի Մթնաձոր իջնող փոքրիկ կիրճը շատ տպավորիչ է իր սանդուղքավոր արահետներով։ Գետի ձայնը արդեն հեռվից լսվում էր։ Թեև գետը մեկ շաբաթվա համեմատ վարարել էր, բայց այնքան չէ, որ հնարավոր չլիներ անցնել։ Այնպես որ, առանց երկար բարակ մտածելու, հանեցինք կոշիկներն ու գուլպաները ու կսեսցինքն գետն անցնել։ Դեպի քարանձնավներ հասնելու համար անհրաժեշտ էր երեք անգամ գետ անցնել։ Երկու անգամ գետն անցնելուց հետո որոշեցինք մինչև երրորդ անցման տեղին հասնելը էլ չհագնել կոշիկները, և այդպես ոտաբոբիկ քայլեցինք։ Երրորդ անգամ էլ բարեհաջող անցնանք գետը և սկսեցինք բարձրանալ դեպի բարձրագահ ժայռերը։ Եվ այս ժայռերից մեկի մեջ էլ գտնվում է Եղունիկի Էրը։ Արևելյան մուտքն ունի 230*600սմ բացվածք, որը փակվել է 2մ հաստությամբ պատով, որի ներքևի աջ անկյունում դռան բացվածք կա։ Քարանձավը իր բարձր առաստաղով և տարածությամբ մեծ տպավորություն է թողնում։ Այստեղ մի փոքր հանգստանալուց հետո շարունակեցինք մեր արշավը՝ քայլելով դեպի Սլուլիկ Էր։ «Սլուլիկ էր» (Սրաձև քարայր) քարանձավը Մթնաձորի ծերպերում թշնամիներից որպես ապաստան օգտագործված ևս մեկ քարանձավ է, որի մուտքերից մեկն այնքան փոքր է, որ կարող ես չնկատել։ Դեպի այս քարայր հասնելու համար անհրաժեշտ է անցնել  շերտավոր ժայռերի արանքով աղեղված արահետով։ Ինչպես նշեցինք, Սլուլիկ քարանձավի մուտքը շատ փոքր է։ Իսկ երբ այդ եռանկյունաձև մուտքով ներս ես մտնում, անցնում ես ժայռերի նեղ միջանցքով ու հայտնվում ես մեծ սրահում, իսկ սրահից դուրս գեղեցիկ պատշգամբ է բացվում դեպի Աղստևի հովիտ։ Այստեղ ևս հանգստանալուց հետո շարունակեցինք արշավը դեպի Լուսաձոր գյուղ։ Լուսաձոր հասնելու համար ստիպված էինք ևս հինգ անգամ անցնել գետը։ Գետն արդեն անցնում էինք հմտորեն, ջրի սառնությունը նույնիսկ չէր կաշկանդում գետն անցնել։ Հիշարժան արշավային օր ունեցանք։

 Քայլեցինք 7 կմ, հաղթահարեցինք 150 մ բարձրություն։  

Լուսաձորի մերձակայքում կան քարայրներ, որոնցում լեզգինների հարձակման ժամանակ (18-րդ դար) ապաստանել են շրջակա գյուղերի բնակիչները։ Մերձակայքում եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղեր, որոնց հետքերը կան Լուսաձորի հանդամասերում։

Մթնաձորի կիրճի բարձրագահ ժայռի կրծքին  և գետի ափերն իրենց վրա կրող հզոր քարափների մեջ բացված բնական այրերը դարեր առաջ հարմարեցվել են որպես ապաստարաններ։ Մի քանիսը նախատեսված են եղել մեկ ընտանիքի, մյուսները՝ մի քանի տասնյակի, իսկ ամենամեծը՝ մի քանի հարյուր մարդու համար։

Անտառ քաշվելուց հետո, եթե գյուղերի զինյալները կարողացել են դիմագրավել ասպատակին կամ ասպատակիչները չեն հետապնդել խաղաղ բնակչությանը և բավարարվել են գյուղերի թալանով ու հեռացել, ապա ժայռերի ստորոտների քարայրներում ապաստանածները շուտով վերադարձել են տուն։ Գերի վերցնելու նպատակով, երբ սկսվել է խաղաղ բնակչության հետապնդումը, փախստականները դիմել են պաշտպանական համակարգի երկրորդ և գրեթե անառիկ գծին՝ Աղավնու քարայրին, որը տեղական խոսվածքում կոչվում է «Եղունիկի Էր», այսինքն՝ աղավնու այր, որովհետև այստեղ թառելիս են եղել անթիվ վայրի աղավնիներ՝ եղունիկներ։   

Ձորի հատակից բարձրացող ծառերով ու թփերով պատված ժայռի զառիկող, հաճախ գրեթե ուղղահայց պատն ավարտվում է 250մ բարձրության վրա։ Ահա այդ ուղղահայց պատի գրեթե մեջտեղում է գտնվում Աղավնու քարայրը, որն անտեսանելի է դրսից, որովհետև նրա նկատելի մասը՝ արևելյան ծերպերից մեկին դրված մուտքի պատը, շարված է ժայռից հանված նույն կարմրագույն քարերից և միանգամայն ձուլված է նրա հետ։ Դրա շեմից բացվում է Աղստևի ձորի համայնապատկերը, որի շնորհիվ ինքնապաշտպանության դիմածները լավ հնարավորություն են ունեցել հետևել մոտեցող թշնամու շարժումներին։ Իսկ այրը չեչաքարի մեջ բացված մեղմաթեք հատակով բնական մի խորշ է, որը 35 մետր երկարությամբ աղեղվում է արևելք-հարավ ուղղությամբ։ Բարձրությունը 4-6, լայնությունը՝ 6-8 մետր է։

Քարանձավն ունեցել է երկու բնական մուտք։ Հարավայինը լինելով ձորի անդունդի վրա, որպես պատուհան և ձորահովտի հարավ-արևմտյան լանջերի համար դիտակետ, մնացել է նախաստեղծ վիճակով, առջևում ունենալով մի հրապարակ, ուր բաց երկնքի տակ կարող է նստել 15-20 մարդ։ Իսկ արևելյան մուտքը, որն ունի 230-600սմ բացվածք, փակվել է 2 մետր հաստությամբ պատով։ Ըստ ավանդազրույցի, շաղախն արվել է այստեղ քշված ոչխարների հոտի կաթով, ուստի կրաշաղախով կերտված պատից անհնար է թեկուզ մեկ տաշեղ պոկել։ Շինվածքի ներքևի աջ անկյունում կառուցող վարպետը թողել է դռան բացվածք, որի բարավորը պահել են չոր միջավայրում պողպատի նման կարծրացած 8 գիհի կլորակոճերը, որոնցից երրորդի վրա դիտվում է փայտե դռան ծխնու կլոր խոռոչ։ Վերջինս անհրաժեշտության դեպքում ներսից փակվել է փայտե սողնակներով, որոնց ծայրերը մտնելիս են եղել պատի մեջ։

Դուռը փակելուց հետո պաշարվածները շարունակել են Աղստևի հովտում և մոտակա ձորի մատույցներում կատարվող շարժումներին հետևել քարափի մուտքի վերնամասում թողնված անցքերից, որոնցով ցերեկային լույսը թափանցել է ներս և հեռացրել ներսում վառվող խարույկների ծուխը, որի մուրն առատորեն մնում է պատերին։ Ավանդազրույցը նաև հայտնում է, որ 19-րդ դարում հմուտ հովիվները վատ եղանակներին իրենց հոտը բերելիս են եղել քարայր, ուր մակաղելիս է եղել մինչև 400 ոչխար։ Այդ պարագայում այստեղ կարող էր ապաստանել մինչև 250 մարդ։ 20-րդ դարի սկզբին սա նաև թաքստոց է ծառայել ղաչաղներին։

Գործնականում անառիկ բերդի դեր է կատարել այս քարայրը։ Եթե դրա տեղը հակառակորդն ի վերջո իմանար, ապա նրա զինվորները չափազանց դժվարությամբ կմոտենային մուտքին, որովհետև նրանք կարող էին բարձրանալ իրար հետևից՝ իծաշարուկ, իսկ այդ դեպքում վերևից նետված քարերով նրանց հեշտությամբ անդունդ կգլորեին ժայռի հարմար դիրքերում թաքնված փոքրաթիվ հայ տղամարդիկ։ Անգամ եթե հարձակվողները հասնեին մուտքին, ապա կգտնեին խուլ փակված մի ամուր դուռ, որից ներս սննդի և ջրի պաշար կուտակած մարդիկ կարող էին օրեր շարունակ հանգիստ սպասել իրադարձությունների ցանկալի հանգուցալուծմանը, քանի որ ավարառության ելած ավազակները ոʹչ պարսպակործան մեքենաներ կարող էին բանեցնել լեռնային բարձունքում և ոʹչ էլ այն դարերում կարելի էր ժայռեր պայթեցնել։ Իսկ տևական պաշարումը ռազմավարին ոչինչ չէր ավելացնի, ուստի, ինչպես ժողովրդի հիշողությունն է հուշում, ասպատակիչները հաջողության են հասել հանկարծակի հարձակմամբ, խաղաղ բնակչության դեպի իր թաքստոցները քաշվելու հնարավորությունից զրկեու դեպքում։