Երեխաներն ԱՐԱՐԱՏԻ գագաթին
Այս տարի առաջին անգամ «4 գագաթ» լեռնային ակումբը կազմակերպում է վերելք Արարատ լեռ։ Այն նախատեսված է ակումբի անդամ 10-18 տարեկան երեխաների և պատանիների համար, ովքեր մինչև Արարատի վերելքի օրը կանցնեն նաև մարզումների և կլիմայավարժման հատուկ մշակված ծրագիր։
Տևողությունը՝ 8 օր, 7 գիշեր։
Ճամփորդության օրերը՝ հուլիսի 29-ից օգոստոսի 5։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ՕՐ 1 – Երևան – Անի – Բայազետ
Առավոտյան ժամը 5-ին Երևանից շարժվում ենք։ Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Վրաց-թուրքական սահմանում փոխում ենք մեքենան։ Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։




ՕՐ 2 – Առաջին ճամբար (3200մ)
Առավոտյան նախաճաշից հետո Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2200 մ բարձրություն: Այստեղից մինչև 3200 մ կլինի քայլարշավ (5-6 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Սնունդը կազմակերպվում է ճամբարում ու բավականին լավ։
Գիշերակացը վրաններում:
Երթուղու երկարությունը – 5,6 կմ
Հարաբերական բարձրությունը – 1050մ



ՕՐ 3 – Երկրորդ ճամբար (4200մ)
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3200մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 5-6 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով: Այստեղից վերջապես տեսարան է բացվում դեպի Սիս գագաթ։
Գիշերակացը վրաններում:
Երթուղու երկարությունը – 4 կմ
Հարաբերական բարձրությունը — 950մ

ՕՐ 4 – Արարատի գագաթ (5137մ)
Կեսգիշերին 1։00 կամ 2։00 սկսում ենք վերելքը դեպի գագաթ (8-9 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, սնվում ենք, քնում ենք:
Գիշերակացը վրաններում:
Երթուղու երկարությունը – 5,5 կմ
Հարաբերական բարձրությունը – 1000մ






ՕՐ 5 – Առաջին ճամբար (3200մ)
Նախաճաշից հետո իջնում ենք առաջին ճամբար, հանգստանում ենք։
Գիշերակացը վրաններում։
ՕՐ 6 – Վերադարձ Բայազետ
Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2200 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։
Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:
Գիշերակացը հյուրանոցում:



ՕՐ 7 – Բայազետ – Բերկրի ջրվեժ – Վան – Աղթամար
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժի մոտ է, որը սկիզբ է առնում Թոնդրակ լեռնազանգվածից և գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից։
Հաջորդ կանգառը Վանում է։ Կբարձրանանք Վանի երեքհազարամյա բերդը և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռն ու Վանա լիճը։ Եվ իհարկե կտեսնենք Մհերի դուռը, Վանի խորհրդանիշը հանդիսացող կատուներին։ Կայցելենք Վանա կատուների բուծարան և կտեսնենք տարբեր աչքերի գույն ունեցող հանրահայտ կատուներին։ Այնուհետև կճաշակենք Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում:
Երեկոյան վերադարձ Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:













ՕՐ 8 – Բայազետ – Կարս – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը:
Մեր երջանիկ և հաղթանակծ խմբի վերադարձ Երևան:


ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ 850 ԴՈԼԱՐ
Արժեքի մեջ ներառված է`
- Տրանսպորտը
- Հյուրանոցը
- Նախաճաշը հյուրանոցում
- Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
- Լեռնային խոհարարի ծառայությունը
- Սնունդը սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում
- Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները
- Վրանների, ներքնակների, և կատվիկների տրամադրումը
- Ծանր իրերի տեղափոխումը ձիերով
- Վերելքի թույլտվությունը
- Մուտքի արտոնագրի (վիզայի) գումարը
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Քաղաքներում ճաշն ու ընթրիքը
- Արկածային ապահովագրությունը (պարտադիր)
- Արարատի ուղեկցորդների թեյավճար (30-50 դոլար)
Ծանոթագրություն 1․ Լեռան վրա 4 օրյա ծրագիրը որպես լրացուցիչ օր է նախատեսված, վատ եղանակի համար՝ կարող է փոփոխվել կախված եղանակից և երեխաների ինքնազգացողությունից։
Ծանոթագրություն 2․ Ինչպես նշել ենք, հյուրանոցում նախատեսված է միայն նախաճաշ։ Այսինքն քաղաքում սնվելու համար լրացուցիչ կպահանջվի 100 դոլար ամբողջ օրերի համար։
ՈՒ՞Մ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԱՐԱՐԱՏ ԲԱՐՁՐԱՆԱԼ
Արարատ լեռ բարձրանալը պահանջում է ֆիզիկական պատրաստվածություն և լավ առողջական վիճակ, քանի որ բարձրությունը (5137 մ) կարող է լուրջ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ Հետևյալ հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում բարձրանալ Արարատ․
1. Սրտանոթային հիվանդություններ
- Արյան բարձր ճնշում (հիպերտոնիա)
- Առիթմիա (սրտի ռիթմի խանգարումներ)
- Ստենոկարդիա (կրծքավանդակի ցավեր)
- Սրտի անբավարարություն
2. Շնչառական հիվանդություններ
- Ասթմա (հատկապես ծանր ձևերը)
- Քրոնիկ բրոնխիտ
- Թոքային բարձր ճնշում (պուլմոնալ հիպերտոնիա)
3. Նյարդաբանական խնդիրներ
- Էպիլեպսիա
- Միգրեն (ծանր և հաճախակի նոպաներով)
- Կողմնորոշման խանգարումներ, որոնք կարող են առաջանալ բարձրության վրա
4. Մարսողական և նյութափոխանակության խանգարումներ
- Շաքարային դիաբետ (հատկապես ինսուլինակախյալ ձևերը)
- Թիրեոիդի հիվանդություններ (վահանաձև գեղձի ծանր խանգարումներ)
5. Հոդերի և մկանային խնդիրներ
- Արթրիտ (հատկապես ծանր դեպքերը)
- Օստեոպորոզ
- Կաթվածից կամ վիրահատությունից հետո վերականգնման փուլում գտնվող անձինք
6. Հոգեկան առողջության խնդիրներ
- Խուճապային հարձակումներ
- Դեպրեսիա (ծանր դեպքեր, որոնք կարող են ազդել ինքնատիրապետման վրա)
- Կլաուստրոֆոբիա կամ ակրոֆոբիա (բարձրության վախ)
7. Ալերգիաներ և այլ ռիսկային գործոններ
- Ծանր ալերգիկ ռեակցիաներ (օրինակ՝ անաֆիլաքսիա)
- Օդի մեջ թթվածնի ցածր մակարդակից կախված խնդիրներ
ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՎԵՐԵԼՔԻՆ
Անհրաժեշտ է ունենալ.
- Երկու ուսապարկ կամ մեկ ուսապարկ և սպորտային պայուսակ (30-35 լ եւ 60-70լ)
- ամուր տակացուով ջրակայուն կոշիկներ
- արշավական ձեռնափայտեր
- թերմոհագուստ
- ֆլիսե շապիկ
- ջրակայուն տաբատներ, երկշերտ
- անձրեւապաշտպան, քամեպաշտպան թիկնոցներ (дождевик,ветровик)
- հաստ ձմեռային բաճկոն (пуховик)
- զանգապաններ (գամաշ)
- ձմեռային ձեռնոցներ (2զույգ),
- ձմեռային գլխարկ, բաֆֆ
- արևային գլխարկ
- քնապարկ( 0 °C– -5 °C կոմֆորտ)
- թերմոս 1լ
- անհատական դեղատուփ
- անհատական հիգիենայի պարագաներ
- գլխի լապտեր
- արևապաշտպան քսուկ
- արևային ակնոց պարտադիր (հատկապես գագաթի օրը սառցադաշտում քայլելու, ինչպես նաև վատ եղանակի դեպքում խիստ կարևոր է)։