DSC

Արկածախնդիր կիրակի՝ Փառակատարի գագաթին ու Հայելի լճի հարևանությամբ

04․05․2025թ․-ի օրվա արշավը և՛ գեղատեսիլ էր, և՛ լի արկածներով։ Մեր ուղղությունը Վայոց Ձորի մարզն էր՝ նպատակ ունենալով բարձրանալ Փառակատարի գագաթը, հիանալ Հայելի լճով (Արտավանի լիճ), շնչել Արտավանի թարմ օդը և պարզապես կապ հաստատել բնության հետ։

Եղանակային կանխատեսումները հուշում էին, որ 15։00-ից հետո սպասվում է անձրև։ Այդ իսկ պատճառով, մեքենաներից իջնելուն պես արագ նախապատրաստվեցինք և սկսեցինք քայլել։ Գարնանային կանաչ գորգով ծածկված լեռներն ուղեկցում էին մեզ, երեխաներն ինչպես միշտ ոգևորված էին ու անդադար խոսում և ծիծաղում էին։ Բայց պետք էր մինչ անձրևը հասնել գագաթ։ Նպատակը հաջողվեց։

Սակայն հանգստանալուն պես նկատեցինք՝ անձրևը շուտով կսկսվի։ Անձրևապաշտպան թիկնոցները հագնելով՝ ուղևորվեցինք դեպի Հայելի լիճ։ Սակայն, ինչպես հաճախ է լինում բնության գրկում՝ անակնկալը երկար չսպասեցրեց։ Սկզբում ամպերը սկսեցին փնթփնթալ, հետո՝ կաթիլներն իջան, և քամին միացավ խաղին։ Բնությունը մեզ սովորեցնում է լինել ճկուն և Հայելի լիճ գնալու փոխարեն սկսեցինք ցած իջնել՝ հեռվից հիանալով Հայելի լճի տպավորիչ մեծությամբ և գեղեցկությամբ։ Այս արշավին մեզ չհաջողվեց ջրից չոր դուրս գալ, ինչպես հաճախ է լինում։ Վաղուց այսպես չէինք թրջվել և ցեխոտվել։

Մի փոքր անց անձրևը դադարեց, իսկ արևը սկսեց «չորացնել» մեզ։ Բնության գույները կարծես նոր շունչ առան։ Ճանապարհին՝ դեպի Արտավան գյուղ, մեզ դիմավորեց իսկական հեքիաթային մթնոլորտ. օդը թարմ, լեռների լանջերը կանաչ, իսկ գագաթները՝ ժայռոտ, ծառերը՝ ծաղկած, իսկ գորտերը՝ իրենց կրկռան երգով լրացնում էին բնության սիմֆոնիան։

Հայելի լիճը՝ ջրաերկրաբանական բնության հուշարձան, գտնվում է 2100 մ բարձրության վրա և ներառված է ՀՀ բնության պետական հուշարձանների ցանկում։ Նրա հայելանման մակերեսը, նույնիսկ հեռվից դիտելով, թողնում է անջնջելի տպավորություն՝ տպավորություն է, որ աշխարհի քարտեզն է դիմացդ։ Եվ սա է պատճառը, որ լճին նաև Աշխարհի քարտեզ լիճ անվանումն են տալիս։ Արշավի վերջում փոխեցինք խոնավ հագուստը, և թեթև հոգնած վերադարձանք դեպի քաղաք։

Անցած ուղի՝ 11 կմ
Բարձրություն՝ 550 մ
Գագաթի բարձրություն՝ 2528 մ

Երբ մի օր երեխան թրջվում է անձրևի տակ՝ ժպիտը դեմքին, բարձրանում է լեռ՝ հաղթահարելով ինքն իրեն, կանգնում է լեռան լանջին ու հիանում բնությամբ՝ այդ օրը դառնում է հուշ, որը ձևավորում է մարդուն։ Եկե՛ք միասին շարունակենք այդ հիշողությունների հավաքագրման ճանապարհը։ Միացե՛ք մեզ հաջորդ երեխաների արշավին։