DSC

Վերելք Արտանիշ լեռ և խարույկ Սևանի ափին

Կիրակի օրն իսկապես ֆանտաստիկ արշավ ունեցանք։
Բարձրացանք Արտանիշ լեռ։ Դեռ մինչև մեկնարկի կետ հասնելը զգացվում էր արշավային եռուզեռը։

Ծովագյուղի ֆուդկորտում՝ արշավականների արդեն ավանդական հանդիպման վայրում, պարզվեց, որ Արտանիշ են բարձրանալու նաև այլ խմբեր։ Լեռը լցված էր ժպիտներով, շարժով ու ողջույններով։ Ավագ արշավականների ոգևորող խոսքերն ու ջերմ վերաբերմունքը հատկապես հաճելի էին։

Բնությունը պարզապես կախարդական էր։ Ներքևում կապուտակ Սևանն էր՝ իրեն եզրագծող ճերմակազգեստ Գեղամա լեռներով, վերևում՝ խորը կապույտ երկինքը՝ նախշազարդված փետրավոր ճերմակ ամպերով։

Արտանիշի վրա գրեթե ձյուն չկար, ինչի շնորհիվ հեշտությամբ հասանք գագաթ։ Գագաթային հատվածում քամի կար, բայց ոչ այնքան ուժեղ, որ շտապ հեռանայինք, ու մոտ 40 րոպե վայելեցինք գագաթի խաղաղությունն ու տեսարանները։
Տեսանք Մեծ և Փոքր Սևանների հատման կետը։

Սակայն այս գեղեցիկ օրը գագաթով չավարտվեց։ Իջանք Սևանի ափ, որտեղ արդեն քամի չկար և նույնիսկ տաք էր։ Երեխաները բոբիկացան ու ոտքերը զովացրեցին Սևանի սառնորակ ջրերում։ Օրվա վերջում խարույկ վառեցինք, մաշմելո խորովեցինք, փորձեցինք ինքնաշեն կարթով ձուկ բռնել և լիքը ջերմ հիշողություններով վերադարձանք Երևան։

  • Անցած ուղի՝ 6,5կմ
  • Բարձրություն՝533մ
  • Ամանաբարձր կետ՝ 2461մ  

ԱՐՏԱՆԻՇ ԹԵՐԱԿՂԶԻ ԵՎ ԱՐՏԱՆԻՇ ԼԵՌ
Արտանիշ թերակղզին և լեռը գտնվում են Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի  ծոցերի միջև։ Սևանի լեռնաշղթայից  բաժանված են ջրաբերուկային հարթությամբ: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր  ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային: Տարածքը 25կմ2, առավելագույն բարձրությունը՝ Արտանիշ լեռան գագաթն է — 2461մ։ Արտանիշի գագաթը միակ վայրն է, որտեղից Սևանա լիճը երևում է ամբողջությամբ ու մոտիկից։