Առյուծ, Ձնծաղիկ, Գոսաբլուր, Մեծսայլ, Երիցասար
10.11.2024թ.-ին Արարատի մարզում էինք: Այս անգամ ծրագրել էինք միանգամից հինգ գագաթ բարձրանալ և մեզ հաջողվեց իրագործել ծրագիրը: Սկսեցինք քայլել Լանջառ և Լուսաշող գյուղերի մոտակայքից և արշավն ավարտեցինք Ուրցալանջ գյուղի մոտ: Երկինքն անամպ էր, թեև հեռվում մշուշ կար: Չնայած մշուշին՝ Արարատն իր բարձունքից շատ գեղեցիկ էր երևում՝ ասես հենված լիներ փոքր լեռների վրա:
Առաջինը բարձրացանք Առյուծ (Ասլանասար) լեռը, որն ունի 2157մ բարձրություն: Այստեղ անակնկալ ձևով շնորհավորեցինք ընկ. Նորայրի ծննդյան օրը, փչեցինք տոնական տորթի մոմերը ու շարունակեցինք քայլել դեպի մյուս գագաթներ: Մեծ ոգևորությամբ, համով զրույցներով ու կատակներով հասանք նաև Ձնծաղիկ (2202մ), Գոսաբլուր (2419մ), Մեծսայլ (2302մ) և Երիցասար (2149մ) լեռների գագաթներ: Ամբողջ ընթացքում բարձր տրամադրություն ունեինք. շատ ուրախ արշավ ստացվեց: Իսկ վերադարձին դեպի մայրամուտ գնացող արևը իր ծիրանագույնով էր ողողել բնությունն ու մեզ, հնձած արտերն էլ ավելի էին ընդգծում երեկոյի գեղեցկությունը:
Քայլեցինք 14 կմ և հաղթահարեցինք 700մ հարաբերական բարձրություն, եղանք 5 գագաթների վրա, տեսանք գեղեցիկ բնապատկերներ և մայրամուտ, ջերմ և ուրախ օր վայելեցինք, ֆիզիկապես ամրացանք, համբերություն, կամք և դիմացկունություն կոփեցինք…