Երեխաների վերելքը Սևաժայռ լեռ
Կիրակի օրը «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը կազմակերպել էր անմոռանալի արշավ դեպի Վայոց Ձորի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Սևաժայռ լեռ։ Արշավը սկսվեց վաղ առավոտյան՝ Երևանի լռությունն ու ամառային զովը թողնելով, ժամը 6-ին ճանապարհ ընկանք։ Ճանապարհը մեզ տարավ դեպի հարավ, որտեղ Վայոց Ձորի բնությունը բացեց իր գունային վրձնահարվածները։ Մեր նպատակակետը՝ Սևաժայռ լեռը, առաջին իսկ հայացքից գերում է իր արտահայտիչ ժայռոտ գագաթով, որը կարծես վեր էր խոյանում անծայր կանաչ հովտի միջից։ Լեռան ստորոտում արված խմբակային լուսանկարն ինքնին պատմում է լեռան գեղեցկության և սպասվող փորձության մասին։
Սևաժայռն այն լեռներից է, որ քեզ ստիպում է ոչ թե պարզապես բարձրանալ ու իջնել, այլ կանգ առնել, նայել երկար ու լռությամբ ուսումնասիրել նրա քարերին փորագրված պատմությունը՝ յուրաքանչյուր անկյունում մի նոր մանրուք բացահայտելով։ Լեռը վեր է խոյանում հզոր, գրեթե պատի պես ուղղաձիգ ժայռերով, ինչը նրան տալիս է անառիկ ու խիստ տեսք, և երկար ժամանակ թվում է, թե հնարավոր չէ բարձրանալ գագաթ։ Բայց լեռն իր իրական գեղեցկությունը բացահայտում է միմիայն նրանց, ովքեր համարձակվում են հաղթահարել իր ժայռոտ բարձրունքը։ Եվ երեխաների խումբը հենց այդ համարձակներից էր։
Արշավի առավել արկածային հատվածը լեռան գագաթ բարձրանալն էր։ Վերջին ժայռային հատվածում յուրաքանչյուր քայլ պահանջում էր կենտրոնացում ու վստահություն։ Բայց բոլոր մասնակիցները, ներառյալ փոքրիկները, ցուցաբերեցին ուժեղ կամք և աջակցում էին միմյանց ամբողջ ճանապարհին։ Դա մեր խմբի իսկական հաղթանակն էր։
Սևաժայռ լեռան 2727 մետր բարձրությունից Վայոց Ձորի լեռներն ու ձորերը նկարում են հեքիաթային համայնապատկեր, որում ընդգրկված են Թեքսարի և Վարդենիսի լեռները, Վայոցսար լեռը՝ ստիպելով վերելքներ պլանավորել նաև այդ ուղղություններով։
Ամբողջ օրվա ընթացքում միախառնվել էին արկածը, կրթությունն ու ընկերական մթնոլորտը։ Իսկ Երևան վերադառնալիս, ժամը 21։30-ի սահմաններում, բոլորս հոգնած էինք, բայց ժպիտով ու հպարտությամբ՝ մեր նոր հաղթանակի համար։
- Լեռը՝ Սևաժայռ
- Ուղու երկարությունը՝ 11 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
- Բարձունք՝ 2727 մ
- Մասնակիցներ՝ 33
- Ամենափոքր մասնակիցը՝ 7 տարեկան












