Երեխաների արշավը Ջուխտակ վանքից Մաթոսավանք
Այս անգամ արշավային արահետը մեզ տարավ Տավուշի մարզ՝ պատմամշակութային վայրերի հետքերով։ Այցելեցինք Ջուխտակ վանք (12-րդ դար) և Մաթոսավանք (13-րդ դար): Ջուխտակ վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև դրանց շրջապատող գերեզմանոցից։ Մաթոսավանքը ներառում է փոքրիկ եկեղեցի, գավիթ և գրատուն, որոնք գտնվում են կողք կողքի։ Երկու վանքերն էլ գտնվում են Դիլիջանի ազգային պարկում։
Եղանակը զարմանալիորեն տաք էր ձմռան համար, նույնիսկ շոգ։ Թեև խարույկ էինք վառել, բայց կրակի շուրջ հավաքվեցինք հիմնականում մարշմելոու խորովելու և կրակի վրայով թռչելու համար։ Ուրախ զրույցների, օդում թռչող ձնագնդիկների ու ծիծաղի ուղեկցությամբ հաղթահարեցինք արշավային արահետը՝ հարստացնելով մեր գիտելիքները պատմության և մշակույթի մասին։
Քայլեցինք 4 կմ՝ հաղթահարելով 200 մ հարաբերական բարձրություն։









