Աղբի դեմ պայքարը սկսվում է մեր քայլերից
Կիրակի օր՝ 24․08․2025թ․-ին, ակումբի երեխաները և նրանց ծնողները մեծ գործ արեցին։ Բացի արշավից նաև աղբահավաք էինք նախաձեռնել։ Այդ նպատակով էլ, զինվելով աղբահավաքի պարագաներով, ճանապարհ բռնենցինք դեպի Ապարանի ջրամբար։ Դեռ մեկնարկի կետից արդեն պարզ էր, որ գործ շատ ունենք և չսխալվեցինք։ Ընդամենը մեկ ժամում հավաքեցինք 120 լիտրանոց 28 պարկ աղբ։
Մոտ 80%-ը պլաստիկ շշեր էին։ Շատ շշեր այնքան խորն էին թաղված հողի մեջ, որ թվում էր՝ արմատներ ունեն… Այս պատկերը հստակ ցույց է տալիս, թե ինչ երկար տարիներ է պահանջվում պլաստիկի քայքայման համար և որքան վնաս է այն հասցնում բնությանը։ Այդ շշերը դառնում են միկրոպլաստիկ, թունավորում են հողը, ջուրը, կենդանիներին ու վերջիվերջո՝ մարդկանց կյանքը։
Այս նախաձեռնությամբ երեխաները ոչ միայն մաքրեցին ջրամբարի ափը, այլև սովորեցին ամենակարևոր դասը․ պետք է պաշտպանել մեր բնությունը հենց հիմա, որպեսզի վաղն ուշ չլինի։ Իսկ աղբահավաքին մասնակցող ամենափոքրիկ մասնակիցը՝ Արաքսը, մայրիկի գրկից հետևում էր, թե ինչպես են մայրիկը և մյուսները փորձում մի փոքր օգնել բնությանը։
Երեխաների՝ աղբահավաքի ժամանակ հնչեցրած խոսքն ու զրույցն ամփոփելով, այսպիսի կոչ ենք անում նրանց անունից․ «Խնդրում ենք՝ աղբ մի թափեք բնության մեջ։ Մենք չենք ուզում վաղը նորից գալ և նույն շշերը հանել հողից։ Մեր խաղերի ու արշավների տեղը, առհասարակ բնությունն ու շրջակա միջավայրը պետք է մաքուր լինեն, ոչ թե աղբավայր։ Քայլելիս պետք է լսենք խոտերի ու տերևների հաճելի ձայնը, ոչ թե պլաստիկի ու կոտրված շշերի տհաճ ձայնը։ Եթե յուրաքանչյուրն իր հետ տանի այն, ինչ բերել է, մեր Հայաստանը կլինի գեղեցիկ ու մաքուր»։
Մեր օրը չավարտվեց միայն բնապահպանական նախաձեռնությամբ։ Աղբահավաքից հետո այցելեցինք նաև Ապարանի ջրամբարի ափին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր և ամենատարածված հորինվածքի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։
Շնորհակալ ենք բոլոր փոքր ու մեծ մասնակիցներին, ովքեր իրենց ուժով ներդրում ունեցան մաքուր և առողջ Հայաստանի համար։ Շնորհակալ ենք նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը աղբը տեղափոխելու հարցում աջակցության համար։
Նախարարության ֆեյսբուքյան էջում անդրադարձ կատարեցին ակումբի նախաձեռնած աղբահավաքին, նշելով․
«Պատանի լեռնագնացները մաքրում են բնությունը․
«4 Գագաթ» լեռնային ակումբի նախաձեռնությամբ Ապարանի ջրամբարի տարածքում և Եղիպատրուշ գյուղի մատույցներում կազմակերպվել են մաքրման աշխատանքներ։Միջոցառմանը մասնակցել են երեխաներ, որոնց համար այն դարձել է ոչ միայն բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի գործնական փորձ, այլև կրթական միջոցառում։ Ջրամբարի ափամերձ գոտիները հաճախ ծանրաբեռնված են աղբով, ինչը վնասում է ինչպես ջրային միջավայրը, այնպես էլ շրջակա բնությունը։ Միջոցառման ընթացքում երեխաներին ներկայացվել են նաև աղբի կուտակման պատճառները և դրա հետևանքները էկոհամակարգի վրա։
Նման նախաձեռնությունները կարևոր են հատկապես երիտասարդ սերնդի համար, քանի որ հենց վաղ տարիքից ձևավորվող բնապահպանական մտածողությունն ու պատասխանատվության զգացումը հիմք են դառնում ապագայում բնության հանդեպ գիտակցված վերաբերմունքի»։







