Գիշերակաց

Մայրամուտից մինչև արևածագ՝ Արագածի գագաթին

Արարատ լեռան վերելքից ընդամենը մեկ օր առաջ որոշեցինք նախապատրաստական գիշերակաց կազմակերպել ոչ թե Քարի լճի տարածքում, ինչպես սովորաբար անում են բոլորը, այլ հենց Արագածի Հարավային գագաթին՝ 3887 մ բարձրության վրա։ Մենք շատ լավ գիտակցում էինք, թե բարձրության՝ թթվածնի պակասի ազդեցությունն ինչպիսի փորձություն է, հատկապես երեխաների համար։ Այդ պատճառով կարևոր էր ամեն ինչ անել, որպեսզի օրգանիզմը աստիճանաբար վարժվի և հանգիստ տանի Արարատի բարձրությունը։ Ի վերջո, Արարատում մեզ սպասվում էր երկարատև վերելք 4100 մ-ից բարձր, նույնիսկ՝ «գիշերակաց»։

Մեր նպատակը պարզ էր՝ Արարատ բարձրանալ ոչ թե ամեն գնով, այլ հնարավորինս առողջ, ուժեղ և լավ ինքնազգացողությամբ։ Հենց այդ պատճառով Արարատի վերելքի նախապատրաստական փուլում կատարեցինք մի շարք բարդ և պահանջկոտ վերելքներ, որոնցից յուրահատուկն ու դժվարը հենց Հարավային գագաթին գիշերակացն էր։

Շատերը կհարցնեն՝ «Ի՞նչն էր այդքան դժվար»:
Պատասխանը շատ պարզ է․ փորձեք գիշերակացի համար նախատեսված ամբողջ ծանր հանդերձանքով բարձրանալ մինչև գագաթ, հետո այդ բարձրության վրա գիշերել՝ սառնության, քամու ու թթվածնի պակասի պայմաններում։ Հատկապես՝ հիշելով, որ այս ամենը անում էին երեխաները։

Այս վերելքը յուրահատուկ էր նաև նրանով, որ քայլելը սկսեցինք ոչ թե վաղ առավոտյան, այլ երեկոյան՝ ժամը 16:00-ին։ Այդ ժամն ընտրել էինք հատուկ, որպեսզի գագաթ հասնենք այն պահին, երբ մյուս խմբերը արդեն իջած կլինեն, և մենք կկարողանանք հանգիստ տեղադրել վրանները՝ ոչ ոքի անհանգստություն չպատճառելով։

Չնայած բարձրության և ծանրության մարտահրավերին, երեխաները մի անսպառ ոգևորությամբ էին շարժվում դեպի գագաթ։ Երբ հասանք վերև, Արագածն ամբողջությամբ ողողված էր մայրամուտի հրաշալի գույներով․ դեղին, վարդագույն, տաք նարնջագույն՝ մի իսկական գեղանկար, որը ինքը բնությունն էր նկարում մեզ համար։ Բայց հիանալով շատ չենք տարվել՝ պետք է հասցնեինք մթնելուց ու ցրտելուց առաջ տեղադրել վրանները։ Եվ, ինչքան էլ աներևակայելի թվա, Արագածի քարքարոտ գագաթին հաջողեցինք տեղադրել տասներկու վրան։

Գիշերը սառն էր, խիստ ու լուռ, իսկ առավոտյան մեզ դիմավորեց փիրուզագույն երկնքի տակ ծագող արևը։ Արթնացանք, վայելեցինք լեռան հաճելի լռությունը (որը լուսադեմին պարբերաբար խախտվում էր Արարատի պատրաստվող այլ խմբերի վերելքով), տաքացնող արևի շողերը, նախաճաշեցինք, հավաքեցինք մեր բարձր լեռնային ճամբարը և սկսեցինք իջնել։

Առավոտյան բոլորի լավ ինքնազգացողությունը մեկ բան էր ասում՝ Արարատի վերելքը հաջող է լինելու։