Ծովգյուղից դեպի Գոշ գյուղ
Երեխաների ճանապարհը չեն կարող խոչընդոտել ո´չ ոլորապտույտ և դժվարին արահետները, ո´չ արահետի վրա շրջված հաստաբուն ծառերն ու այն փակած բույսերը, ո´չ էլ թեք լանջերն ու գետերը, որոնց հաղթահարումը երբեմն անհնարին է թվում: Եվ իհարկե, խոչընդոտ չէ նաև հեռավորությունը:
Ճիշտ է, մի քիչ մեծամիտ է հնչում վերոգրյալը, բայց եթե դուք էլ մեզ հետ քայլեիք կիրակնօրյա մեր երթուղին, միանշանակ կհամաձայնվեիք:
06.10.2024թ.-ին քայլեցինք Գեղարքունիքի մարզից Տավուշի մարզ՝ Ծովագյուղից դեպի Գոշ գյուղ, որն անցնելու համար հաղթահարեցինք 21,5կմ հեռավորություն, 600մ վերելք և 1500մ վայրէջք:
Սևանն իրոք կապուտակ էր, ջուրը հայելու նման, իսկ արևից շողշողացող կոհակները յուրահատուկ փայլ էին տվել լճին: Մի արշավի ընթացքում երեք լիճ տեսանք՝ Սևանա, Կակաչ և Գոշի լճերը, քայլեցինք լերկ սարերի զառիթափ լանջերով, վայելեցինք աշնան գույները և անտառի բույրը, իսկ վերջում Գոշ գյուղ հասանք լապտերների լույսի ներքո:
25 հոգուց բաղկացած մեր խմբի ամենափոքրիկ հերոսը 7 տարեկան Լիլին էր (կից նկարներում՝ Կակաչ լճի ֆոնին, տատիկի պատրաստած նապստակը ձեռքին), ով սկզբից մինչև վերջ քայլեց շարքի սկզբից և խիզախորեն հաղթահարեց այս բարդ երթուղին:
Ասեք, որ երեխաները հզոր են …