Արարատի ճանապարհի պատմական կանգառները
«Երեխաներն Արարատի գագաթին» միջոցառման շրջանակում ոչ միայն պետք է Արարատ լեռը բարձրանային, այլև բացահայտեինք պատմական Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն ու բնության այլ գեղեցկություններ։ Պատմամաշակութային ժառանգության բացահայտման գործում ընկեր Նորայրը գերազանցեց բոլոր սպասումները, քանի որ շատ մանրամասն ներկայացրեց ոչ միայն պատմական անցյալը, այլ նաև այդ ժամանակների մշակույթի և արվեստի առանձնահատկությունները։ Ընկեր Նորայրի խոսքով քարերը կենդանանում էին և պատմում Հայաստանի երբեմնի փառքի մասին։
30․07․2025թ․։ Սահմանն անցնելուց հետո մեր առաջին կանգառը Ծովակն Հյուսիսո լիճն էր։
Ծովակն Հյուսիսո լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի Արդահան մարզում, լավային արգելափակման ծագում ունի։ Հայելու մակերեսը 85 կմ² է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։ Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր՝ Մեծաջուր գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտ։

Երկրորդ կանգառը «1001 եկեղեցիների քաղաք» Անին էր։ Առաջին իսկ հայացքից ազդեցիկ էր Անիի թողած տպավորությունը՝ հին և նոր պարիսպներով, պատերից ներս՝ Ախուրյան գետի կիրճի երկայնքով խմբված պատմական վկայություններով․ Անիի Մայր Տաճար, Ս․ Գրիգոր կամ Գագկաշեն Եկեղեցի, Ս. Գրիգոր (Տիգրան Հոնենցի) Եկեղեցի, Ս. Գրիգոր Աբուղամրենցի Եկեղեցի, Ս. Փրկիչ Եկեղեցի, Ս. Առաքելոց Եկեղեցի, Անիի միջնաբերդ և ոչ միայն։

Անիի Մայր Տաճար (989–1001 թթ.)
Անիի Մայր Տաճարը, որն այսօր էլ կանգուն է՝ իր փլված գմբեթով հանդերձ, համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից։ Այն կառուցվել է 989–1001 թթ․ Բագրատունի թագավոր Սմբատ Բ-ի պատվերով՝ ճարտարապետ Տրդատի նախագծով։ Տրդատը հայտնի է նաև Արգինայի Կաթողիկե եկեղեցու, Գագկաշենի, Սմբատաշեն պարիսպների կառուցմամբ, ինչպես նաև Կոստանդնուպոլսի Սոֆիայի տաճարի գմբեթի վերանորոգմամբ։ Սմբատ արքայի մահից հետո շինարարությունն ավարտին է հասցրել Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Սյունյաց իշխանուհի Կատրանիդե թագուհին (նա թաղված է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող գերեզմանոցում)։
Տաճարը գմբեթավոր բազիլիկ հորինվածք ունի․ չորս հզոր փնջավոր մույթերը և դրանք կապող սլաքաձև կամարները կրում են եկեղեցու ծածկը՝ գմբեթով հանդերձ։ Կենտրոնական նավը զգալիորեն լայն է կողայիններից։ Փնջավոր մույթերն ու սլաքաձև կամարները հաղորդում են շեշտված վերասլացություն, որը հետագայում լայնորեն կիրառվեց 12–14-րդ դարերի եվրոպական գոթական ճարտարապետության մեջ։ Վերասլացության սկզբունքը արտահայտված է նաև արտաքին պատերի դեկորատիվ մշակմամբ՝ բարակ սյուների վրա հենված որմնակամարներով, խորշերով և գմբեթի թմբուկի ու վեղարի բարձրությամբ։
Գմբեթը կործանվել է 1319 թ․ ավերիչ երկրաշարժի ժամանակ, իսկ 1988 թ․ երկրաշարժից փլուզվել է նաև պատի մի հատված։ Մեր այցելության ժամանակ տաճարում ընթանում էին ակտիվ վերանորոգման աշխատանքներ։

Ս․ Գրիգոր կամ Գագկաշեն Եկեղեցի (1001–1020 թթ.)
Գագկաշենը կառուցվել է 1001–1020 թթ․ Տրդատ ճարտարապետի կողմից՝ Գագիկ Ա Բագրատունու պատվերով։ Արքայի նպատակն էր Անիում վերարտադրել երկրաշարժից արդեն կործանված Զվարթնոց տաճարը։ Տրդատը կրկնել է Զվարթնոցի հիմնական կառուցվածքը, սակայն կատարելով որոշակի նորարարություններ։ Դեռ շինարարության ընթացքում կառույցի կառուցվածքային թերությունների պատճառով անհրաժեշտ են եղել ամրաշինական աշխատանքներ, որոնք, սակայն, չկարողացան կանխել տաճարի փլուզումը։
20-րդ դարի սկզբին պեղումների ժամանակ հայտնաբերվեց Գագիկ Ա-ի քարակերտ արձանը՝ տաճարի մանրակերտը ձեռքին։ Ցավոք, արձանը 1920-ական թթ․ ավերվեց, և միայն մի հատվածն է պահպանվել ու ցուցադրվում Կարինի թանգարանում առնաց որևէ բացատրագիր։

Անիի Ս. Գրիգոր (Տիգրան Հոնենցի) Եկեղեցի (1215 թ.)
Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1215 թ․՝ Անիի մեծահարուստ առևտրական Տիգրան Հոնենցի միջոցներով։ Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ ավագ խորանին կից զույգ ավանդատներով։ Արտաքին պատերը զարդարված են եռանկյունաձև խորշերով ու որմնակամարներով, իսկ գմբեթի թմբուկն ու պատերը հարուստ են բարձրաքանդակներով։
Արժեքավոր են հատկապես գավթի և եկեղեցու որմնանկարները, որոնք պատկերում են կրոնական և պատմական տեսարաններ։ Եկեղեցին վերանորոգվել է 2008–2009 թթ․ թուրք մասնագետների ղեկավարությամբ «մեկ եկեղեցի – մեկ մզկիթ» ծրագրի շրջանակներում։ Գմբեթը թողնվել է անավարտ՝ թեք ծածկով, ինչը, ըստ որոշ կարծիքների, արվել է խաչի տեղադրումից խուսափելու նպատակով։ Նույն ծրագրի ընթացքում վերանորոգվել է նաև Մանուչեի մզկիթը, որն այսօր գործող մզկիթ է։


Անիի Ս. Գրիգոր Աբուղամրենցի Եկեղեցի (10-րդ դ.)
Այս փոքր, բայց նրբագեղ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում՝ Պահլավունիների տոհմի մի ճյուղի կողմից, որպես տոհմական սրբավայր։ Այն պատկանում է բազմախորան տիպին (6 խորան), որոնցից արևելյանը մեծ չափսերով առանձնանում է և երկու կողմից ունի ավանդատներ։ Շինությունը զարդարված է նրբագեղ որմնախորշերով ու զարդաքանդակներով։ Չնայած համեստ չափսերին՝ այն բացառիկ է իր ճարտարապետական կատարելությամբ։ Սա ևս վկայում է, որ Անիում ոչ միայն թագավորական, այլև ազնվականների ու վաճառականների պատվերով կառուցվում էին բարձրարվեստ եկեղեցիներ։

Անիի Ս. Փրկիչ Եկեղեցի (1035 թ.)
Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1035 թ․ Աբուլղարիպ Պահլավունու պատվերով։ Այն բազմախորան տիպի կառույց է․ արտաքինից՝ 19 նիստանի, ներսում՝ 8 կիսաշրջան խորաններով։ Ավագ խորանը մեծ է և զույգ ավանդատներ ունի։ Խորաններն իրարից բաժանվում են սյուներով, որոնք միացված են կամարներով։ Պատերը ներսից զարդարված են եղել գունագեղ որմնանկարներով։
19-րդ դարի վերջում Նիկողայոս Մառի պեղումների ժամանակ իրականացվել են ամրացման աշխատանքներ։ Սակայն տեղացիների կողմից արտաքին սրբատաշ քարերի քանդման հետևանքով եկեղեցին մնաց անպաշտպան անձրևի ու քամու հանդեպ և 1958 թ․ կիսով չափ փլվեց։ 2000-ականներին իրականացվեցին նոր ամրաշինական աշխատանքներ՝ հետագա փլուզումը կանխելու նպատակով։

Անիի Ս. Առաքելոց Եկեղեցի (1004–1031 թթ.)
Առաքելոց եկեղեցին գտնվում է Անիի նոր քաղաքի՝ Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպների միջակայքի գրեթե կենտրոնում։ Այն կենտրոնագմբեթ խաչաձև հորինվածք ունի։ Գմբեթատակ քառակուսու չորս կողմերում կառուցված են կիսաշրջան խորաններ, որոնց անկյուններում տեղադրված են ավանդատներ։ Թորամանյանի կարծիքով եկեղեցին ուներ 5 գմբեթ՝ կենտրոնականը և մեկական գմբեթ յուրաքանչյուր խորանի վրա։
Զաքարյանների օրոք եկեղեցուն կից կառուցվել է գավիթ՝ տուֆի բազմագույն երանգների միջոցով ստացված խճանկարներով զարդարված առաստաղով։ Գավիթն այսօր էլ շինության լավագույնս պահպանված մասն է և առանձնանում է իր դեկորատիվ լուծումներով։



Ճամփորդության առաջին օրը բավականին հագեցած էր, որն ավարտեցինք Բայազետում։ Երեկոյան զբոսանքից հետո անհրաժեշտ էր հանգստանալ, քանի որ հաջորդ օրը պետք է սկսեինք բարձրանալ Արարատ լեռը։

Արարատի ճանապարհի պատմական կանգառները շարունակեցինք Արարատի բարեհաջող վերելքից հետո՝ 02․08․2025թ․-ից։ Հենց այսօրը՝ ժամանակ չկորցնելով գնացինք Իսահակ փաշայի ամրոց։
Իսահակ փաշայի ամրոց (17-18—րդ դար)
Բայազետ քաղաքի մոտ գտնվող Իսահակ փաշայի ամրոցը կառուցվել է 17-18-րդ դարերում օսմանյան իշխան Իսահակ փաշայի նախաձեռնությամբ։ Այն արևելյան ճարտարապետության շքեղ նմուշ է․ ամրոցը համադրում է օսմանյան, պարսկական և հայկական ավանդույթներ։ Մեծ համալիրում ընդգրկված են պալատներ, մզկիթ, զինվորական և տնտեսական շինություններ։ Ամրոցը կանգնած է բարձր բլրի վրա, որտեղից բացվում է լայն տեսարան դեպի Արարատյան աշխարհը։ Իսահակ փաշայի ամրոցից լավ տեսանելի է Դարոյնք հին հայկական բերդը, որն ունի հազարամյակների պատմություն։ Դարոյնքը հիշատակվում է դեռևս Արշակունիների ժամանակներից՝ որպես կարևոր ռազմավարական ամրոց և պաշտպանական կենտրոն։ Այն վերահսկում էր հին ճանապարհները և մեծ դեր ուներ Վանի և Արշակունյաց թագավորության սահմանների պաշտպանությունում։




Հաջորդ օրը՝ 03․08․2025թ․-ին բավականին խիտ ծրագիր ունեինք, որի մեծ մասը Վան քաղաքի հետ էր կապված։ Պետք է և երկար կիլոմետրեր անցնեինք, և հասցնեինք շատ վայրերում լինել։ Նախատեսել էինք լինել Բերկրի ջրվեժում, տեսնել Վանա կատուներին, Վանի բերդը, ուրարտական արձանագրությունները, լինել Ախթամար կղզում, լողալ Վանա լճում, համտեսել վանա տառեխ, տեսնել Մհերի դուռը։ Բացի Մհերի դուռ այցելելուց, ամեն բան հասցրեցինք։ Վանի բերդի հսկայական պատերը մեզ հիշեցրին Ուրարտուի հզորության մասին։ Իսկ Վանա լճի կապույտ ջրերը երեխաներին պարգևեցին անզուգական պահեր։ Ամենից շատ մեր հոգում մնաց Աղթամար կղզին։ Երբ նավակով մոտենում էինք Սուրբ Խաչ եկեղեցուն, կարծես ժամանակը կանգ էր առել։ Նրանք տեսան ոչ միայն եկեղեցու անզուգական քանդակներն ու որմնանկարները, այլև կենդանի բնությունը․ կղզու նապաստակներն ու դանդաղաշարժ կրիաներն ասես հատուկ դուրս էին եկել երեխաներին դիմավորելու։ Իսկ հետո… մենք լողացինք Վանա լճի մաքուր ջրերում։ Երեխաների ծիծաղն ու ջրի ծփանքը հասել էր առջևում վեր հառած Արտոս լեռան գագաթ։ Կարելի է մի ամբողջ էջ նկարագրել, թե ինչ գեղեցիկ մայրամուտով մեզ հրաժեշտ տվեց Վանա լիճը, բայց փոխարենն առաջարկում ենք դիտել նկարները։ Տպավորիչ մայրամուտից հետո մեզ սպասում էր Վանի հայտնի ու համեղ տառեխը։
Բերկրի ջրվեժ
Բերկրիի ջրվեժն ունի մոտ 15 մետր բարձրություն։ Գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ՝ անցնելով 65 կմ տարածություն, և թափվում Վանա լիճ։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։


Վանա կատու
Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից։ Տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։
Ցեղատեսակի պաշտոնական ճանաչումը — 1955 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին բրիտանական երկու թղթակիցներ՝ Լորա Լաշինգտոնը ու Սոնյա Հոլիդեյը այցելում են Թուրքիա՝ հոդված պատրաստելու նպատակով։ Լորա Լաշինգտոնը սիրում էր կատուներ և աշխատանքային օրերից մեկի ժամանակ նկատեց վառ գույնի մորթով կատուներ, որոնց արտաքին տեսքն անսովոր շքեղ էր։ Երբ նա հարցրեց հյուրանոցի աշխատողին այդ կատուների մասին, նրան ասացին, որ դրանք Վանա կատուներ են։ Եվ քանի որ Լորայի հետաքրքրությունը մեծ էր, երկու Վանա կատվի ձագ տվեցին նրան նվեր։ Լորա Լաշինգտոնը տարավ նրանց իր հետ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ 1959 թվականին Լորա Լաշինգտոնը ևս երկու Վանա կատվի ձագ բերեց Թուրքիայից։ Դրանից տասը տարի անց նրան հաջողվեց ձեռք բերել այնքան թվով Վանա կատուներ, որոնք ծնված էին տարբեր չորս զույգ նախնիներից։ Կատվասերների կազմակերպության այդ պահանջը՝ կատուների նոր ցեղատեսակ ճանաչելու համար, նրան հաջողվեց կատարել թուրքական իշխանությունների աջակցության շնորհիվ, որոնք իրենց ուրախությունը հայտնեցին, որ «Թուրքական Վանա կատուն ճանաչվելու է Եվրոպայում»։ Միայն դրանից հետո, 1969 թվականին GCCF-ը (Governing Council of the Cat Fancy) ցեղատեսակը գրանցեց «Թուրքական կատու» անվամբ, իսկ 1971 թվականին FIFe-ի կողմից այն ճանաչվեց «Թուրքական Վանա կատու» անվամբ։ Հետագա տարիներին թուրքական Վանա կատու ցեղատեսակը ճանաչվեց կատվասերների միջազգային այլ կազմակերպությունների կողմից։


Վանի ուրարտական բերդ (Թուշպա, մ.թ.ա. 9-րդ դ.)
Վանի բերդը (Թուշպա) կառուցվել է մ.թ.ա. 9-րդ դարում՝ ուրարտական թագավոր Սարդուրի Ա-ի օրոք։ Այն բարձրանում է Վան քաղաքի սրտում գտնվող բազալտե բլրի վրա և հանդիսանում էր Ուրարտուի մայրաքաղաքի կենտրոնը։ Բերդը ուներ հզոր պարիսպներ, արքայական պալատներ և սրբարաններ։ Պահպանվել են սեպագիր արձանագրություններ, որոնք վկայում են ուրարտական թագավորների գործունեության մասին։ Վանի բերդը բացառիկ օրինակ է մ.թ.ա. առաջին հազարամյակի ռազմական և քաղաքաշինական ճարտարապետության։



Ախթամարի Սուրբ Խաչ Եկեղեցի (915–921 թթ.)
Ախթամարի Սուրբ Խաչը ելեղեցին Վասպուրականի ճարտարապետական դպրոցի գլուխգործոցն է։ Այն կառուցվել է 915–921 թթ․ թագավոր Գագիկ Արծրունու պատվերով՝ ճարտարապետ Մանուելի նախագծով։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է՝ խաչաձև հորինվածքով և հանդիսանում է Հռիփսիմեատիպ եկեղեցիների յուրօրինակ կառույց։ Հատուկ արժեք ունի արտաքին պատերի քանդակազարդումը՝ Աստվածաշնչյան և աշխարհիկ տեսարաններ, կենդանիներ, որսի ու թագավորական պատկերներ։ Արևմտյան պատին Գագիկ Արծրունին ներկայացված է եկեղեցու մանրակերտը մատուցելիս Քրիստոսին՝ եզակի կտիտորական կոմպոզիցիա։ Ախթամարի Սուրբ Խաչը ոչ միայն հոգևոր կենտրոն էր, այլև հայ միջնադարյան արվեստի բացառիկ ժառանգություն։



Վանա լիճ
Վանա լիճը անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում, 1720 մ բարձրության վրա։ Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 451 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար։ Վանա լիճը Թուրքիայի ամենամեծ և Մերձավոր Արևելքի մեծությամբ երկրորդ լիճն է (Ուրմիո լճից հետո)։





Վանա տառեխ
Այս հագեցած օրն ավարտեցինք Վանա լճի ափին համեղ ընթրիքով։ Իսկ ընթրիքի սպասված ուտեստը վանա տառեխն էր։ Վանա տառեխը տարածված է միայն Վանա լճում։

04․08․2025թ․։ Դե իհարկե Հայաստան վերադարձի ճանապարհին չէինք կարող անտարբեր անցնել Բագրատունյաց մայրաքաղաքի կողքով։ Այստեղ այցելեցինք Կարսի բերդ և Ս․ Առաքելոց եկեղեցի։
Կարսի միջնաբերդը
Կարսը Հայկական Լեռնաշխարհի հյուսիսում գտնվող հինավուրց քաղաք է, որն իր ռազմավարական դիրքով դարեր շարունակ եղել է կարևոր քաղաքական ու ռազմական կենտրոն։ Կարսը տիպիկ միջնադարյան քաղաք էր բաղկացած միջնաբերդից, շահաստանից և արվարձաններից։ 10-րդ դարում Բագրատունյաց թագավոր Աբաս Բ-ն այն հռչակեց մայրաքաղաք (928 թ.), և այստեղ կառուցվեց ու հզորացվեց Կարսի միջնաբերդը։ Բերդը կառուցված էր հիմնականում բազալտից և ուներ բարձր պարիսպներ, աշտարակներ ու ներսում թագավորական շինություններ։ Այն դարեր շարունակ եղել է անառիկ ամրոց և մայրաքաղաքի պաշտպանական հենակետ։ Կարսի միջնաբերդը հայոց պետականության խորհրդանիշներից է․ այն կապված է Բագրատունյաց թագավորության փառքի և մայրաքաղաք Կարսի պատմության հետ։ Չնայած հետագա դարերում բերդը վերակառուցվեց սելջուկների, օսմանների ու ռուսների կողմից, նրա հիմքում պահպանված է հայկական միջնադարյան շերտը, և Կարսի պատմությունը մնում է անբաժան հայոց պատմությունից։

Կարսի Սուրբ Առաքելոց Եկեղեցի (10-րդ դար)
Կարսի Սուրբ Առաքելոցը կառուցվել է Աբաս Ա Բագրատունի թագավորի օրոք՝ մոտ 931 թ․։ Հատակագծային և ծավալատարածական հորինվածքով պատկանում է վաղ միջնադարյան Մաստարայատիպ եկեղեցիներին։ Առանձնանում է հզոր գմբեթով, որը հենվում է աղոթասրահի չորս պատերին։շ, որոնց անկյունների վերնամասերում տեղադրված տրոմպների միջոցով անցում է կատարվում գմբեթի թմբուկի շրջանային հիմքին։ Թմբուկը զարդարված է 12 առաքյալների բարձրաքանդակներով։
Եկեղեցին Օսմանյան տիրապետության շրջանում վերածվել է մզկիթի, այնուհետև ռուսական ժամանակաշրջանում մոտ 40 տարի ուղղափառ եկեղեցու, որից հետո կրկին առաջին հանրապետության ժամանակ կարճ ժամանակահատված՝ հայկական առաքելական եկեղեցու, իսկ այնուհետև կրկին մզկիթի։

Ճամփորդությունը միայն Արարատի վերելքը չէր․ այլ հանդիպում էր պատմության, մշակույթի ու բնության հետ։ Իսկ ամենակարևորը՝ երեխաները սովորեցին տեսնել իրենց հայրենիքի ուժն ու գեղեցկությունը՝ ընկեր Նորայր Աբգարյանի պատմություններով ու բացատրություններով ավելի խոր ու կենդանի դարձած։