Քարապարի լռության ու ամպերի գրկում
2025թ․ ամառը շատ ակտիվ էր, որի վառ վկայությունն այդ ժամանակ իրականացրած արշավների մասին միայն հիմա հրապարակում անելն է։ Ճամբարից արշավ, արշավից ճամբար, երկրի սահմաններից դուրս ու ներս ․․․
Թեկուզ ուշ, բայց ուզում ենք կիսվել գեղեցիկ անվամբ մի լեռան վերելքի մասին, որը Արագած լեռնազանգվածի գագաթներից է․ Քարապար լեռ (Ուրցասար) 3438մ․․․
Նախապես պլանավորված էր 29․06․2025թ․ բարձրանալ Չքնաղ լեռը, բայց դեպի Մանթաշի ջրվեժ արշավի (որն անցնում է 3000-3400մ բարձրության վրա) ժամանակ հասկացանք, որ անհրաժեշտ է կրկին բարձր լեռ ընտրել, այն էլ՝ Արագածի տարածքում (կլիմայավարժում Արարատից և Արարատից առաջ նախատեսվող բարձր գագաթների համար)։ Այդպես այս գեղեցիկ անունով լեռն ընտրվեց։ Անվանումը լեռանը լրիվ վայել էր՝ գագաթային հատվածն ամբողջությամբ քարերով էր պատված, ասես քարերը պար բռնած լինեին։ Արագածի մյուս գագաթներն ամբողջությամբ ամպերի մեջ էին, լանջերին մանրիկ ծաղիկներ էին, խառնարանի ուղղությամբ՝ ձյուն և նոր ծլող կանաչ, մոխրագույն քարեր։ Տեսարանը շատ միստիկ էր։ Վերելքը հեշտ էր, որից օգտվելով մեկ ժամից ավել մնացինք գագաթին՝ մինչև որ սկսեցինք մրսել և հետ իջանք։ Քարի լճի մոտ մի հարմար տեղ ընտրեցինք, խարույկ վառեցինք, թեև եղանակը սառն էր, բայց ոտքերը թրջեցինք Քարի լճի պաղ ջրերում։ Մի լավ կլիմայավարժվեցինք։





