Երեխաների արշավը Ջավախքում՝ համառություն և հաղթանակ

Չորս գագաթի նոր նշաձողը՝ 29 կմ, 1300 մ հարաբերական բարձրություն, խմբի ամենափոքրը՝ 8 տարեկան։

«Ну, что — слабо?»

Մայիսի 9-11-ը Ջավախքում էինք։ Սա ակումբի երրորդ արտագնա ճամփորդությունն էր, որը խոստանում էր հիշարժան և բարդ լինել։ Մի հետաքրքիր ֆենոմեն կա ակումբում, արշավը որքան բարդ է լինում, երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ են մասնակցում։ Այս անգամն էլ բացառություն չէր։ 30 հոգով ճանապարհ ընկանք։ Առաջին կանգառը Գյումրիում էր։ Երբ հասանք Վարդանանց հրապարակ, քաղաքը դեռ չէր զարթնել՝ փողոցներում հատուկենտ մարդիկ էին, բոլոր սրճարանները կամ փակ էին կամ նոր նախապատրաստվում էին բացվել։ Գյումրիում հանգստանալուց և սնվելուց հետո հասանք Բավրայի անցակետ և հեշտությամբ անցանք սահմանը։ Իր ողջ մեծությամբ մեզ առաջինը դիմավորեց Աբուլը։ Ոտքից գլուխ ձնով ծածկված լեռն ասես մի հսկա լիներ։ Դաշտերն ու փոքրիկ բլրակաները, ցածրիկ գագաթները ամբողջությամբ կանաչ էին, իսկ բարձր գագաթները՝ կանաչից աստիճանաբար փոխվում էին ճերմակի։ Մի այլ հմայք էին հաղորդում ճանապարհին հանդիպող փոքր ու մեծ լճերը, որոնք ևս լեռներից կանաչ երանգ էին ստացել։

Երկրորդ կանգառի հասցեն Փարվանա լիճն էր։ Հասանք, ընտրեցինք վրանային ճամբարի վայրը և սկսեցինք վրաններ տեղադրել։ Այս օրվա համար բացի խաղերից ու հաճելի ժամանցից ոչինչ չէինք պլանավորել։ Դե ինչ կարիք կար պլաններ կազմելու, եթե հաջորդ օրը Փարվանա լճից պետք է քայլեինք դեպի Աբուլի գագաթ ու նորից հետ վերադառնայինք Փարվանա։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, զբոսանք, զրույցներ, խաղաղ լիճ, արոտից հետ վերադարձող նախիր և հոտ, մայր մտնող արևից նրբացած երկինք, խարույկ, լիալուսին, քնելուց առաջ վրաններում լսվող քչփչոց․․․ այսպիսին էր մայիսի 9-ը, որը միշտ կտաքացնի մեր սրտերը։

Մայիսի 10-ը սկսվեց մեղմ արևով, երկնքի կապույտ խաղաղությամբ և մեր՝ Աբուլի գագաթ հասնելու վճռականությամբ։ Աբուլ լեռը հանգած հրաբուխ է Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։  Ճանապարհն անցնում էր ալիքվող դաշտերով, որտեղ ճախրող թռչունների ծլվլոցը միախառնվում էր հոսող առվակների քչքչոցին։ Գարնան կենդանի շունչը զգացվում էր ամենուր՝ խոտերի հոտի մեջ, թռչունների երգերում ու երեխաների ժպիտներում։ Իսկ հեռվում լեռը կանգնած էր վեհ ու հանգիստ՝ ծածկված գարնան վերջին ձնով։ Երբ լանջը սկսեց բարձրանալ ու հեռվից երևացին Փոքր Աբուլն ու Աբուլը՝ իրար կողք կանգնած հսկաների պես, բնությունը փոխեց շունչը։ Լեռները կարծես լուռ սպասել էին մեզ՝ որպես փորձություն ու պարգև։ Կանաչը վերածվում էր մոխրագույն լանջերի, ձյունածածկ գագաթների, որտեղ օդը թարմ էր, բայց շունչը կարճ՝ ոչ միայն բարձրությունից, այլև հոգնածությունից և հուզմունքից։ Այս լռակյաց հսկան երեխաների մտքում հարցեր էր առաջացնում՝ արդյո՞ք կհասնենք նրան, ինչպե՞ս կանցնենք դեպի հսկա Աբուլ տանող երկար ճանապարհը, ինչպե՞ս կհաղթահարենք թեք լանջերը, և ամենակարևորը, արդյո՞ք կհասցնեն կրկին ֆուտբոլ խաղալ։ Երեխաները բարձրանում էին համառ քայլերով, ոմանք՝ զրուցելով, մյուսները՝ լուռ կենտրոնացած։ Երբ վերջին քայլերը տանում էին դեպի գագաթ, ոգևորությունն անհնար էր թաքցնել։ Աբուլն այլևս հեռու լեռ չէր՝ այն դարձել էր կատարված երազանք։ Երեխաներն անցան 29 կիլոմետր, հաղթահարելով 1300 մետր հարաբերական բարձրություն։ Բայց այս թվերը չեն պատմում ամբողջը։ Նրանք քայլեցին ոգով, միասնականությամբ ու արշավականի իրական խիզախությամբ։ Ճանապարհը երբեմն հարթ էր ու մեղմ, երբեմն՝ քարքարոտ ու քամոտ, բայց նրանց աչքերը միշտ ուղղված էին առաջ։ Իրականում բարդ արշավ էր, բայց երեխաներին հաջողվեց հաղթահարել այս դժվարությունը ևս։ Վերադարձի մեկ ժամից ավելին քայլեցինք լապտերի լույսի ներքո, անհամբեր սպասելով, թե երբ ենք վերջապես հասնելու մեր վրաններին։ Վրանների մոտ լսվում էր, երեխաների ոգևորված մեկնաբանություններն արշավի վերաբերյալ։ Բայց առանձնակի պետք է նշել մեր խմբի ամենափոքր մասնակցին՝ 8-ամյա Աթենային, ով ամենամեծ հերոսն էր այս արշավի։ Նրա մասին առանձին կգրենք։

Երրորդ օրը թեև պլանավոր էլ էինք ութին զարթնել, բայց 7։30-ից արդեն ճամբարում աշխուժություն էր տիրում։ Վրանները հավաքեցինք և ճանապարհ բռնեցինք քարանձավային քաղաք Վարձիա։ Վարձիան ընդարձակ ժայռափոր համալիր է, որտեղ ավելի քան 600 սենյակ փորված է ուղղահայաց ժայռերի մեջ՝ ներառյալ վանքեր, ճեմասրահներ, թոնրատներ և մթերապահեստներ։ Համալիրը կառուցվել է այնպես, որ թշնամին չկարողանա հեշտությամբ տեսնել այն՝ ինչպես մի գաղտնի քարե քաղաք։ Վարձիան հայտնի է նաև իր գեղեցիկ քարե եկեղեցիով, որի ներսում պահպանվել են հիանալի որմնանկարներ՝ այդ թվում Թամար թագուհու պատկերը։ Այս ամենին ծանոթանալուց հետո վերադարձանք Հայաստան։

Արշավը դեպի Աբուլ լեռ երեխաների համար դարձավ ոչ միայն ֆիզիկական հաղթանակ, այլև ներքին զորացման ուղի։ 29 կիլոմետր ճանապարհն ու 1300 մ բարձրությունը հաղթահարեցին ոգով, ընկերակցությամբ և ոգևորությամբ՝ ապացուցելով, որ նույնիսկ ամենաբարդ ճանապարհը դառնում է հաղթահարելի, երբ քայլում ես միասին։ Ջավախքի բնության գրկում նրանք ապրեցին իրական արկած, իսկ Վարձիայի քարանձավային քաղաքում զգացին պատմության շունչը։ Այսպիսի փորձառություններն են ձևավորում ամուր, խիզախ ու սիրով լցված սերունդ։

  • Անցած ուղի՝ 29 կմ
  • Բարձրություն՝ 1300 մ
  • Գագաթի բարձրություն՝ 3301 մ