լկհաֆհս

Քարավազի և Հերհերի ջրվեժներ

Վայոց Ձոր՝ մարզ, որտեղ կարող ես գտնել բազմազան գույներ։ Այս մարզն ինքն է իր նկարիչը։ Այստեղ լեռներն ունեն կարմիր երանգներ, կարծես մայրամուտը հավերժ նստած է գագաթներին։ Կիրակի օրը հենց այս գեղեցիկ մարզում էինք, ավելի կոնկրետ՝ Հերհեր գյուղի շրջակայքում։ Երբ գլխավոր մայրուղուց թեքվում ես դեպի Հերհեր տանող ճանապարհ, հայտնվում ես նեղլիկ կիրճում, որը գնալով ընդարձակվում է՝ դիմացդ բացելով լեռների գեղեցիկ գոգովորություններ։ Այնուհետև այդ լեռների գրկում իր ողջ գեղեցկությամբ ներկայանում է Հերհերի ջրամբարը, որն ըստ եղանակի փոխում է գույները։ Արշավի օրն այն մեզ դիմավորեց նուրբ կանաչով։

Իսկ ու՞ր էր գնում երեխաների խումբը, ի՞նչ նշանավոր վայրեր կան այստեղ, որ առավոտ վաղ ճանապարհ էինք բռնել՝ անցնելով հարյուրավոր կլիլոմետրեր։ Հերհեր գյուղում շատ են ևʹ պատմամշակութային վայրերը, ևʹ բնության պահպանվող հուշարձանները։ Բայց մենք մտադրվել էինք այս անգամ բացահայտել Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Իսկ ավելի վաղ նաև Վայոցսար լեռն էինք բարձրացել։

Հերհեր գյուղի անունը կապ չունի ո՛չ «հեր»՝ «հայր» բառի, ո՛չ էլ բարբառային «հե՞ր»՝ «ինչո՞ւ» բառի հետ: Ըստ վարկածներից մեկի Վայոցսար հրաբխային լեռը ժամանակին ժայթքել է, պարբերաբար հետցնցումներ են եղել, ու տարածքի բնակավայրերն անվանել են Երերան՝ երերացող: Հեշտ արտասանության համար էլ ավելացել է «հ»-ն: Վարկածներից մեկն էլ այն է, որ գյուղը հայտնի է եղել որպես գորգագործության կենտրոն, ու բնակավայրի անունն առաջացել է «հեր»՝ «մազ» բառից՝ «հեր» են հյուսել:

Արշավական երեխաների խումբը կազմ պատրաստ սկսեց քայլել Վայոցսար լեռան խրոխտ հայացքի տակ՝ անցնելով ծաղկաշատ դաշտերով, որոնք աստիճանաբար մեզ մոտեցրեցին ջրվեժներին։ Առաջինը քայլեցինք դեպի Քարավազի ջրվեժ, որն ասես քարե սանդուղքներ էր կերտել՝ ճեղքելով հսկայական ժայռերը։ Մինչև ջրվեժին հասնելը նաև փոքրիկ արգելք հաղթահարեցինք՝ մեծ քարի տեսքով, որն անցնելու համար անհրաժեշտ էին մագլցման հմտություններ։ Իհարկե, ինչպես միշտ երեխաները հեշտությամբ հաղթահարեցին արգելքը։ Ջրվեժի գեղեցկությունը վայելելուց և հանգստանալուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի Հերհերի ջրվեժ: Եթե Քարավազի ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ էր վերև բարձրանալ, ապա Հերհերի դեպքում պետք էր ցած իջնել ջրվեժը տեսնելու համար։ Հերհերի ջրվեժի գահավիժում է խորը ավազանի մեջ, որն ավելի ազդեցիկ էր դարձնում տպավորությունը։ Այս երկու ջրվեժները գրանցված են ՀՀ բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

Բացահայտելով Վայոց Ձորի գունեղ լեռներն ու ջրվեժները՝ երեխաները սովորեցին հաղթահարել դժվարությունները թիմային ոգով և ինքնավստահությամբ։ Ճանապարհին ստացած տպավորությունները երկար կմնան նրանց հիշողության մեջ՝ որպես արկածով լի ու կրթական մի օր։

 Անցած ուղի՝ 6,5 կմ
 Բարձրություն՝ 200 մ