Մանթաշի ջրվեժ
Կիրակի օրը՝ 22․06․2025թ․, Արագածում էինք, բայց ոչ թե գագաթ բարձրանալու նպատակով, այլ՝ դեպի Մանթաշի ջրվեժ քայլելու։ Երևանյան տապից հայտնվեցինք Արագածի սառնաշունչ և մառախլապատ գրկում։ Քարի լիճը խաղաղ էր, ինչպես հարթ ապակի՝ ոչ մի ալիք։ Մառախուղը փաթաթվում էր ջրին՝ երբեմն բարձրանալով, երբեմն իջնելով, ու թվում էր՝ հենց լիճն է այն արտաշնչում՝ աներևույթ շնչով։ Սկզբում ոչինչ չէինք տեսնում, քանի որ մառախուղ էր։ Նույնիսկ երբ մառախուղը ցրվում էր, միևնույն է, Արագածի գագաթներն ամպերի մեջ էին։ Ստորոտները ծածկված էին գարնանային կանաչով, մանրիկ ու վառվռուն ծաղիկներով, տեղ-տեղ մեծ զանգվածներով ձյուն էր․ կանաչի ու ճերմակի միասնությամբ բնությունն ավելի գեղեցիկ էր։ Այս ամբողջ ընթացքում լռությունը խախտում էին միայն երեխաների արշավախմբի ծիծաղը, զրույցն ու քայլերի ձայնը։ Պայծառ հանդերձանքով քայլում էինք լեռներով, մի մեծ ու գեղեցիկ շարժվող գծի պես։ Հենց լճի մոտից մեզ միացավ մի չարաճճի սպիտակ շուն, որն անընդհատ վազվզում էր շարքի մեջ՝ մեկ առաջ անցնելով, մեկ հետևում հայտնվելով, ու երբեմն լուռ կանգնում ու նայում էր դեպի մշուշը։ Ատիճանաբար փոխվում էր երեխաների (ոչ բոլորի) ինքնազգացողությունը, ինչը նման բարձրություններում թթվածնի նոսրացման հետևանքն է, որի պատճառով ի հայտ են գալիս լեռնային հիվանդության նշաններ։ Լեռնային գետակներ, «սառցադաշտեր» անցնելով հասանք Մանթաշի ջրվեժ, որտեղից շատ տպավորիչ տեսարան էր բացվում դեպի Մանթաշի ջրամբար։ Ջրվեժը ջրառատ էր, բարձրությունից գավիժում էր ցած՝ մաքուր, փրփրոտ ու արևի շողով փայլփլուն։ Ջրվեժի ձայնն այնքան ուժեղ էր, որ խլացնում էր ցանկացած աղմուկ։ Հանգստանալուց և բնությունը վայելելուց հետո բռնեցինք վերադարձի ճամփան։ Ամբողջ ընթացքում Արագածի հայացքը մեզ վրա էր, նա ասես շնչում էր ամպերով, խոսում ծաղիկներով ու հետևում մեզ՝ իր լռության խորքից։
- Ուղությունը՝ Մանթաշի ջրվեժ
- Քայլարշավի երկարությունը՝ 16 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 650 մ
- Մասնակիցներ՝ 30
- Ամենափոքր մասնակիցը՝ 7 տարեկան











