n

Մեծ Լճասար լեռ

Գեղամա լեռները Հայաստան աշխարհի քարեղեն սրտին դրված մի հեքիաթային շղթա է, որտեղ ամեն ինչ այլ է։ Դարերի խորքից վեր բարձրացած այս հրաբխային լեռնաշղթան իր գագաթներով ձգվում է դեպի ամպեր, իսկ ստորոտից ձգվում են ալիքվող դաշտերը՝ ծածկված գունագեղ ծաղիկներով, իսկ ձմռանը՝ անծայրածիր ճերմակ գորգով։

Գեղամա լեռներում քայլել նշանակում է լինել բնության հետ ներդաշնակության մեջ, զգալ հողի շունչը, վայելել ազատության բույրը։ Այստեղ միտքը թևեր է առնում։

Եվ այս գեղեցկությունը տեսնելու և հաճելի զգացողությունները վայելելու գայթակղությամբ էլ գնացինք Գեղամա լեռների գագաթներից Մեծ Լճասար լեռը։ Այն ունի 2393մ բարձրություն և Գեղամա լեռներից մի փոքր հեռու է գտնվում։ Վերելքը սկսեցինք Լճաշեն գյուղից։

Առանձնակի անհրաժեշտ է նշել Լճաշենի հնագիտական հուշարձանների մասին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հնագիտական կարևորագույն ժառանգություն։ Կատարված պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են նախապատմական շրջանի բնակատեղիներ, բերդ-ամրոցներ, դամբարանադաշտեր ու առանձին կոթողներ: Լճաշենից հանված ռազմակառքերն ու սայլերը, ինչպես նաև բազմաթիվ հնագիտական նյութերը Հայաստանի պատմության թանգարանի հազվագյուտ զարդերից են: Այս և շատ այլ մանրամասներ պատմեցինք երեխաներին արշավի ժամանակ՝ գիտելիքը զուգորդելով ֆիզիկական ակտիվության հետ։

Թեև Երևանում շոգ էր, բայց Լճաշեն գյուղը մեզ դիմավորեց հաճելի մեղմ զեփյուռով։ Ցավոք, այստեղ էլ են հասել «հանքի ձեռքերը»։ Մինչև Մեծ Լճասար լեռանը մոտենալը ճանապարհն անցնում է մեկ այլ գեղեցիկ կոնաձև գագաթի՝ Ցորնասարի կողքով, որի արևելյան լանջն ասես կտրած-հանած լինեին, ինչը լեռանն անճոռնի տեսք էր տվել։

Երբ սկսում ես հասնել Գեղամա լեռների խորքերը՝ իրականությունը սկսում է փոխվել։ Շուրջբոլորդ հայտնվում են հրաբխային գագաթներ, կանաչ մարգագետիններ, օդը լցվում է թռչունների ծլվլոցով, միջատների բզզոցով, իսկ ինչքան երկար ես քայլում՝ նաև երեխաների անվերջանալի հարցերով։

Գագաթից տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճը, որն ասես կապույտ հայելի լիներ՝ փռված հսկա լեռների միջև։ Արևը խաղում էր ալիքների վրա, իսկ ամպերն իրենց ստվերներով պարում էին լճի ապակե մակերեսին։

Գագաթին տարբեր խաղեր խաղացինք, հանգստացանք, լուսանկարվեցինք և սկսեցինք վայրէջքը։

  • Անցած ուղի՝ 11 կմ
  • Բարձրություն՝ 450 մ
  • Գագաթի բարձրություն՝ 2393 մ

Մենք կիսեցինք այս փորձառությունը երեխաների հետ՝ թողնելով նրանց մեջ ոչ միայն հուշեր, այլ՝ արմատներ։ Արմատներ, որոնք մի օր կծլեն՝ որպես սեր բնության հանդեպ, հետաքրքրություն պատմության նկատմամբ ու ցանկություն՝ ճանաչելու և պահպանելու մեր հայրենիքը։

Լեռները մեզ սովորեցնում են համբերել, հաղթահարել, զարմանալ ու շնորհակալ լինել։ Իսկ երբ վերևից նայում ես Սևանին, մի պահ հստակ է դառնում՝ սիրտդ հենց այս երկրին է պատկանում։