Սևորդյաց լեռների հեքիաթը
Մայիսի 5-ին շատ գեղեցիկ և ֆիզիկապես ակտիվ օր ենք ունեցել։ Լոռու մարզում էինք, որոշել էինք անցնել Սևորդյաց լեռներով. որոշեցինք և արեցինք։ Սկսեցինք քայլել լոռվա չքնաղ գյուղ Քարինջից (քարին տակ) և արշավն ավարտեցինք Ակներ գյուղում։ Ամբողջ ճանապարհին ամպերի, լեռների ու ալպիական դաշտերի գորովանքով լի խաղի ուղեկցությամբ ենք քայլել։ Բնությունն այնքան գեղեցիկ էր, որ պարբերաբար կանգնում էինք ու նկարում, ինչի վկայությունը նաև լուսանկարներում կտեսնեք։ Իսկ Եղնախաղացը այնքան կանչող էր, որ երեխաները ցանկություն հայտնեցին մի օր էլ այս լեռը բարձրանալ։ Արշավի հենց սկզբում բախտ ունեցանք շատ մոտիկից տեսնել սպիտկագլուղ անգղերի, որոնք սկսզբում գետնին էին, և մեզ տեսնելուց սկսեցին թռչել։ Հիացած վերև էինք նայում, հասցրեցինք հաշվել 21 անգղ։
Արշավի կեսից հայտնվեցինք թանձր մառախուղի մեջ, ինչի շնորհիվ բնությունն էլ ավելի հեքիաթային դարձավ։ Մառախուղ, դաշտի մշուշում ճերմակ մի ձի, ճյուղերից կախված ջրի կաթիլներ, թռչունների ելևէջներ, խոնավ օդ, դրախտային կանաչ … ու անսպառ հարցերով զինված երեխաներ։
Թեև ամբողջ հանրապետությունով առատ տեղումներ էին, բայց մենք միայն մեկ անգամ ենք հագել անձրևապաշտպան թիկնոցները, իսկ երբ Ակներ գյուղ էինք հասել, անձրև սկսվեց, բայց մենք արդեն հասել էինք մեքենայի մոտ ու նորից չոր մնացինք։ Բայց փոխարենը լավ ցեխոտվել էինք։
Քայլեցինք 18 կմ, հաղթահարեցինք 800մ հարաբերական բարձրութնուն։
Այ էսպիսի զիլ արշավային օր էր:




