Ձյունածածկ Շարայի վերելքը երեխաների հետ
Երեկ մեր փոքրիկ արշավականների հետ բարձրացանք Շիրակի մարզում գտնվող Շարայի լեռը (2475մ)։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է Շիրակի անվանադիր տիրակալ Շարայի անվան հետ։
Ճանապարհը հեշտ չէր․ մինչև գագաթ քայլեցինք 5 կմ և հաղթահարեցինք 450 մ բարձրություն՝ անցնելով ձյունածածկ լեռան լանջերով։ Իսկ ձյունն անխնա շատ էր։
Երեխաները զարմացրեցին իրենց կամքով ու տոկունությամբ։ Ոչ միայն հաղթահարեցին մարտահրավերը, այլև իրենք էին ճանապարհ բացում՝ հերթով առաջնորդելով ամբողջ խումբը։ Դա իսկական փորձություն էր, բայց նրանք գերազանցեցին իրենց ու դարձան այս արշավի իրական հերոսները։
Վերադարձին մեզ սպասում էր ևս մեկ հրաշալի տեսարան․ մայրամուտի գույները կախարդում էին ձնածածկ դաշտերի ու լեռների ֆոնին։ Ճանապարհին մի քանի անգամ աղվեսների հանդիպեցինք, իսկ երկինքը խաղում էր մեզ հետ՝ մի պահ կապույտ ու պայծառ, հետո՝ ձյունածածկ ու մառախլապատ։ Արագածի հյուսիսային գագաթը երբեմն ամպերից դուրս էր գալիս, հետո կրկին անհետանում՝ հավելելով բնության այս հրաշքին իր առեղծվածային գեղեցկությունը։
Թեև պլանավորել էինք իջնել նաև լեռան ստորոտում գտնվող քամու ձևավորած յուրահատուկ շերտավոր ժայռերի մոտ, սակայն ռիսկի չգնացինք։ Դեպի ժայռեր իջնող լանջը բավականին կտրուկ էր, իսկ այդ հատվածում ձյան շերտը՝ խորը և տեղ-տեղ սառած։ Որոշեցինք խուսափել սայթաքելուց ու հնարավոր ձնահոսքից, ուստի ռիսկի չդիմեցինք՝ ժայռերը տեսնելու հաճույքը թողնելով մեկ այլ անգամ։ Երեկ ևս մեկ անգամ համոզվեցինք՝ բնության ուժը հաղթահարելու ամենամեծ գաղտնիքը կամքն ու թիմային ոգին են։



