Տասը տարի լեռների ճանապարհին
Մարտի 6-ին կայացած «10 տարի լեռների ճանապարհին» միջոցառման ընթացքում ներկայացվեց «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի անցած ճանապարհը՝ 2016-ից մինչև 2026 թվականը։ Միջոցառումը հնարավորություն էր հետադարձ հայացք նետելու անցած տասնամյակին և հիշելու այն մարդկանց, ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ձևավորել են ակումբի պատմությունը։
Այս տարիների ընթացքում ակումբը ձևավորվել է ոչ միայն որպես արշավներ կազմակերպող համայնք, այլև որպես ոչ ֆորմալ կրթության հարթակ, որտեղ երեխաները ձեռք են բերում կարևոր գիտելիքներ և հմտություններ։ Դասերի ընթացքում անդրադարձ է կատարվել լեռնային վտանգներին, աղետների դեպքում ճիշտ գործողություններին, արշավների պլանավորմանը և նախապատրաստմանը, կողմնորոշմանը, քարտեզների օգտագործմանը, առաջին օգնությանը, լեռնային հիվանդությանը, արշավային գույքին և բազմաթիվ այլ թեմաների։ Այս գիտելիքները երեխաներին օգնում են ոչ միայն լեռներում, այլև առհասարակ կյանքի տարբեր իրավիճակներում։
Տասը տարվա ընթացքում դասեր են կազմակերպվել 28 խմբերի համար, որոնց մասնակցել է 273 երեխա, իսկ ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտել է 247-ը։
Ակումբի գործունեության կարևոր մաս են կազմում նաև լեռնային արշավները։ Տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ հետաքրքիր և երբեմն բավական բարդ վերելքներ՝ ներառյալ Արագածի չորս գագաթների վերելք մեկ օրում, Աժդահակ, Մեծ Աբուլ, Արամազդ, Նիգասար և այլ գագաթներ։
Արշավներին մասնակցող երեխաների թիվը տարեցտարի աճել է։ Ցավոք հստակ թվային պատկեր կարողացանք ներկայացնել միայն 2024թ․-ից սկսած, քանի որ նախքան 2024թ․-ը մասնակիցների հաշվարկ չէինք կատարում։
- 2024 թ․ – 926 մասնակից
- 2025 թ․ – 1124 մասնակից
- 2026 թ․ – արդեն 140 մասնակից
Ակումբն իր գործունեությունը չի սահմանափակել միայն Հայաստանի լեռներով։ Տարիների ընթացքում կազմակերպվել են նաև միջազգային լեռնային ուղևորություններ՝ Իրանում (Սիահգոգ, Սիահգոգ Հարավային և Ռոստամնիշտ գագաթներ), Ռուսաստանում (Բեզենգի բարձր լեռնային ճամբար), Վրաստանում (Աբուլ լեռ և Լագոդեխի ազգային պարկ), ինչպես նաև իրականացվել է վերելք Արարատ լեռ։
Ակումբի գործունեության կարևոր ուղղություններից են նաև վրանային ճամբարները, որոնք կազմակերպվել են տասնչորս անգամ՝ Ստեփանավանում (11 անգամ) և Սևանում (3 անգամ), ինչպես նաև բնապահպանական նախաձեռնությունները, որոնց ընթացքում իրականացվել են աղբահավաքներ Հայաստանի տարբեր բնական տարածքներում։
Տասնամյակի ընթացքում ձևավորվել է նաև «Պատանի լեռնագնաց» ծրագիրը, որի շրջանակներում արդեն 40 երեխա ստացել է համապատասխան կրծքանշան՝ անցնելով ուսումնական ծրագիրը և կատարելով սահմանված բարդության վերելք։
Այս տարիների ընթացքում «4 Գագաթ» ակումբի կողքին կանգնած են եղել բազմաթիվ մարդիկ՝ ընկերներ, գործընկերներ, աջակիցներ և ակումբի անդամներ, որոնց ներդրումը կարևոր դեր է ունեցել այս ճանապարհի ձևավորման մեջ։
Միջոցառումը լի էր հուզիչ ու հիշվող պահերով։ Երեկոյի ընթացքում հնչեցին գեղեցիկ երաժշտական կատարումներ, որոնք ստեղծեցին առանձնահատուկ մթնոլորտ։ Իսկ ամենահուզիչ պահերից մեկը դարձավ միջոցառման եզրափակիչ մասը, երբ ակումբի երեխաները բեմ բարձրացան և իրենց նվագակցությամբ ու երգով ներկայացրին ակումբի «Լեռներ» երգը (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Շուշան Ռուբենյան)։ Այդ պահին դահլիճում կարծես բոլորը տեղափոխվել էին լեռներ՝ հիշելով միասին անցած ճանապարհն ու ապագա վերելքները։
Միջոցառումը հիմնականում վարում էին հենց ակումբի երեխաները, ինչը երեկոյին տալիս էր յուրահատուկ ջերմություն և անկեղծություն։ Հատկապես տպավորիչ էր բացման պահը․ բեմ բարձրացան ակումբի առաջին խմբի երեխաները՝ Միքայելն ու Էվելինան, ովքեր այս ճանապարհը սկսել էին ընդամենը 12 տարեկանում։ Այսօր նրանք արդեն 22 տարեկան են և թեև այլևս արշավների չեն մասնակցում, մեծ սիրով վերադարձել էին՝ մասնակցելու ակումբի կարևորագույն իրադարձությանը և գեղեցիկ բացելու միջոցառումը։ Բացման ընթացքում նրանց միացավ նաև ակումբի ամենափոքր մասնակիցներից մեկը՝ Մոնթեն, ով ընդամենը 8 տարեկանէ։ Այս խորհրդանշական հանդիպումը բեմի վրա կարծես միավորեց ակումբի ամբողջ ճանապարհը՝ անցյալը, ներկան և ապագան․ առաջին սերնդի երեխաները և նոր սերունդը կողք կողքի։
Միջոցառման կարևոր դրվագներից մեկը դարձավ նաև Արարատի ճանապարհի ներկայացումը, որը բեմում ներկայացրեցին ակումբի անդամներ Մայան և Ռաֆայելը։ Նրանց պատմությունից հետո դահլիճը դիտեց երեխաների Արարատ լեռան վերելքի մասին ֆիլմը, որը հանդիսատեսին կրկին տեղափոխեց այդ դժվար, բայց հաղթական օրեր։
Երեկոյի ընթացքում հանձնվեցին նաև մի շարք վկայագրեր և շնորհակալագրեր՝ մեծ կամային հատկանիշներ ցուցաբերածներին, 2025թ․-ի ամենակտիվ արշավականներին, 2025թ․-ի ամենակտիվ մայրիկին, ակումբի պատմության մեջ ամենաշատ արշավներին մասնակցածներին, 28-րդ խմբի ավարտողներին, Արարատ բարձրացածներին։
Առանձնահատուկ պահ էր նաև այն, երբ ակումբի 10 անդամ ստացան «Պատանի լեռնագնաց» կրծքանշանը։ Այս կրծքանշանը տրվում է այն երեխաներին, ովքեր անցել են ուսումնական ծրագիրը և իրականացրել սահմանված բարդության վերելք՝ ապացուցելով իրենց պատրաստվածությունը, համարձակությունը և սերը լեռների նկատմամբ։
Այս բոլոր դրվագները միասին դարձան մի գեղեցիկ հիշեցում, որ «4 Գագաթ» մանկապատանեկան ակումբը միայն երեխաների արշավներ չէ։ Դա մի ճանապարհ է, որը միավորում է սերունդներ, ձևավորում ընկերություն, վստահություն և մեծ սեր դեպի լեռները։




















