Նոր ճանապարհի սկիզբ
«Բարձունքի հաղթահարման ուղի» միջոցառման ժամանակ (05․03․2025թ․) 26-րդ խմբի արշավական երեխաները ստացան իրենց ավարտական վկայագրերը։ Սա պարզապես փաստաթուղթ չէ, այլ վկայություն այն բանի, որ նրանք հինգ ամիս շարունակ մասնակցելով դասընթացներին և արշավներին՝ ձեռք են բերել արժեքավոր գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն ինքնուրույն ապահովել իրենց անվտանգությունը բնության մեջ, հատկապես՝ լեռներում։
Սա ավարտ չէ, այլ սկիզբ՝ այն մեծ ճանապարհի, որը մեզ տանելու է դեպի նոր բարձունքներ։ Երեխաներն այս ընթացքում շատ արշավների են մասնակցել և ավարտելուց հետո էլ շարունակելու են մասնակցել (այդ թվում ճամբարների)։
«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբը ոչ միայն գիտելիքի ու հմտությունների ձեռքբերման վայր է, այլև նվիրվածության, ընկերության, թիմային աշխատանքի, փոխադարձ հարգանքի, կամքի ու դիմացկունության միջավայր։ Այստեղ խթանում ենք առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, սերը բնության նկատմամբ և կուտակում անմոռանալի հիշողություններ։
Մեր դասերի, արշավների և ճամբարների ժամանակ մենք հենց այս արժեքներն ենք փորձում փոխանցել երեխաներին՝ վստահ լինելով, որ դրանք նրանց կուղեկցեն նաև կյանքում՝ լեռներից այն կողմ։








