Բարձունքի հաղթահարման ուղի
4 Գագաթ մանկապատանեկան լեռնային ակումբն արդեն 9 տարեկան է։
Եվ սա էր առիթը, որ մարտի 5-ի ամփոփիչ միջոցառման շրջանակում «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի հարկի տակ հավաքվել էին երկու հարյուրը գերազանցող հարազատ մարդիկ։ Իհարկե, միայն 9 տարեկան լինելը բավարար չէր, որպեսզի միջոցառում նախաձեռնենք, այլ կարևոր էր, որ ասելիք ունենանք։ Եվ այդ ասելիքներից մեկն այն էր, որ Բեզենգի բարձր լեռնային ճամբարում էինք եղել։
Միջոցառման՝ «Բարձունքի հաղթահարման ուղի» խորագիրը պատահական չէր։ Հիմա, երբ ինը տարի հետ ենք գնում 2016թ․, հասկանում ենք, որ ամենալավ պատկերացումներում անգամ չէինք երևակայի, որ վերելք կունենանք Հայաստանից դուրս (ԻԻՀ)՝ բարձրանալով Սիահ գոք (4500մ), Սիահ գոքի հարավային (4259 մ), Ռոստամնիշտ (4440մ) գագաթները, որ կհասնենք ՌԴ, արշավներ և սառցամագլցում կանենք Կովկասյան լեռներում և 2025թ․-ին կմտադրվենք գերազանցել 5000մ բարձրությունը։ Իսկ այս ամենին մենք հասել ենք փոքր, բայց վստահ քայլերով՝ սկզբում արշավներ էինք կազմակերպում տաք եղանակներին, հետո ավելացան ձմեռայինները, ձմեռայիններին ավելացան նաև ձմեռային գագաթները, հետո գիշերակացերը, 1 օրից հասնելով 7 օրյա ճամբարների, ու հետո հասկացանք, որ Հայաստանի սահմաններում արշավելը մեզ չի բավարարում, ուզում ենք միասին անցնել սահմանը։ Եվ այս բարձունքներին երեխաները հասել են հաղթահարելով առավոտյան քնելու ցանկությունը, շոգին և ցրտին քայլելը, հաղթահարել են սառած ձեռքերը տաքանալուց հետո առաջացող ցավը, վախերը, անհամբերությունը, հաղթահարել են ծնկից բարձր ձյունը, գետը, թեք լանջերը․․․։
Արշավները ոչ միայն լավ ժամանց են ապահովում, այլ նաև սովորեցնում են հաղթահարել դժվարությունները։
Երեխաների օգնությամբ ներկայացրեցինք ակումբի բարձունքի հաղթահարման ուղին՝ երեխաների հետ անցած ճանապարհը, կիսվեցինք գեղեցիկ պահերով և երեխաների հաջողությունով։
26-րդ խմբի երեխաները ստացան ավարտական վկայագրեր, առավել ակտիվ արշավականները՝ հավաստագրեր, ոմանք՝ յուրահատուկ անվանակարգի հավաստագրեր, իսկ երեխաներից յոթը ստացան «Պատանի լեռնագնաց» կրծքանշաններ։
Շնորհակալագրեր ստացան After Hiking նախագիծը և Թռիչք արշավական ակումբը։
Միջոցառման ամենահուզիչ պահերից մեկն էր մեր ակումբի «ԼԵՌՆԵՐ» երգի կատարումը, որը գործիքավորել ու ներկայացրել էին հենց մեր երեխաները։ Մեր երգով ու տրամադրությամբ ամփոփեցինք երեկոն՝ խոստանալով, որ սա միայն սկիզբն է։
Առաջիկայում առանձին հրապարակումներով կկիսվենք միջոցառման ամենահիշարժան դրվագներով։ Շարունակեք մեզ հետ մնալ և պատրաստ եղեք նոր հաղթանակների։












