Շշնջացող ջրվեժի արահետ
Ապրիլի 13-ին և 14-ին Տավուշի մարզում էինք։ Շաբաթ օրը Ապակեքար լեռը բարձրացանք, իսկ կիրակի օրը քայլեցինք Շշնջացող ջրվեժի արահետով։ Արահետը սկսվում է լքված երկաթուղային գծերից (Դիլիջան ազգային պարկի այցելուների կենտրոնի հարևանությամբ) և հետո մտնում կիրճ։ Կիրճում իրականությունը փոխվում է` մայրուղուց լսվող մեքենաների ձայները փոխվում են թռչունների ելևէջների։
Երեխաների համար այս արշավը երազանքի պես մի բան էր, քանի որ վաղուց նման թեթև արշավ չէինք ունեցել։
Երեխաները որոշեցին խարույկ վառել և ամեն ինչ արեցին դրա համար։ Խոնավ փայտերից առանձնացրեցին չոր ճյուղերը, թեև լուցկի չունեինք, բայց կայծքարի և չաշխատող կրակայրիչի միջողով կրակ վառեցին։ Դե եթե խարույկ կա, նշանակում է մաշմելոն էլ կա։
Վերադարձին երկինքը սկսեց բողոքել, ասում էր` արագացրեք, շուտով անձրև եմ թափելու։ Հենց նստեցինք մեքենան, տեղատարափ անձրև սկսեց։
Մի խոսքով, հավես ու աշխուժ արշավ ունեցանք, որը շարունակվեց նաև մեքենայի մեջ մինչև Երևան հասնելը։



