Ծաթերից Քոբայրի վանք․ երեխաների արշավը Դեբեդի կիրճով

Կիրակնօրյա արշավը Դեբեդի կիրճով շա՜տ գեղեցիկ էր։ Թեև այս բնութագրումը շատ քիչ է, արտահայտելու բնության այն տեսարանները, որոնք մենք տեսանք։ Ճանապարհ բռնեցինք դեպի Լոռու մարզ։ Որոշել էինք անցնել Ծաթերից Քոբաjրի վանք արահետը, որը Դեբեդի կիրճով անցնող մեծ արահետի մի մասն է կազմում։ Նախկինում քայլել ենք այս մեծ արահետի` Ծաղկաշատից Հաղպատ, Հաղպատից Սանահին, Օձունից Քոբայրի վանք հատվածները։ Հիմա հերթը Ծաթերից Քոբայրի վանք արահետինն էր, որն անցնում է հսկա ժայռերի կողքով, անտառներով, ալպիական կանաչ լանջերով՝ բացելով տեսարաններ դեպի Մարցի և Դեբեդի կիրճեր։ Մեր արշավը սկսվեց Լոռու մարզի ամենագեղատեսիլ գյուղերից մեկից՝ Ծաթերից։ Առավոտյան մաքուր ու թարմ օդը, կանաչապատ բլուրներն ու հեռվում բացվող գագաթները, գյուղի սագերի կղկղոցն ու կովերի բառաչյունը անմիջապես ստեղծեցին աշխույժ տրամադրություն։ Երեխաներն արշավը սկսեցին զվարթ, հետաքրքրասեր ու եռանդով լցված։ Միջավայրն էլ իսկական հեքիաթային էր՝ թռչունների ձայներ, ծաղիկներով ծածկված արահետներ, իսկ երբեմն էլ մացառներով պատված ձորեր ու նեղ անցումներ։ Ճանապարհին երեխաները հաճախ կանգ էին առնում՝ դիտելու բնության տեսարանները՝ թիթեռներ, թփերի մեջ թաքնված սնկեր կամ քարերի տակ սողացող մողեսներ։ Նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին իրենց ուղեկիցների բացատրությունները կենդանիների, թռչունների և այդ տեղանքի պատմության մասին։ Դեբեդի խոր կիրճը մեզ դիմավորեց անթիվ փոքրիկ քարանձավների ու ժայռերի մի աշխարհով, որը շատ տպավորիչ էր, հատկապես, երբ տեսնում էինք անգղի բույն, ինչի վառ վկայությունը ժայռի վրա սպիտակով ներկված թռչնի արտաթորանքի հետքերն էին։ Ճանապարհի վերջում, ժայռի եզրին թաքնված Քոբայրի վանքը բացվեց մեր առջև՝ իր կիսավեր, խորհրդավոր ու խաղաղ մթնոլորտով։ Երեխաները զարմանքով էին նայում նրա պատերին պատկերված արձանագրություններին, որմնանկարներին և հարցնում էին՝ ինչու՞ է վանքը այդքան դժվարամատչելի տեղում։

12-րդ դարի այս վանական համալիրը հայտնի է իր հիասքանչ որմնանկարներով: Վանքը միջնադարյան Հայաստանում կրթության, մշակույթի և գրչության կարևոր կենտրոն էր, որի պատմությունը կապված է այնպիսի արքայական և ազնվական տոհմերի գործունեության հետ, ինչպիսիք են Բագրատունիները, Կյուրիկյանները և Զաքարյանները: Տեղանքի շրջակայքում կան մի քանի քարանձավներ, որոնք օգտագործվել են որպես վանական խցեր։ Ենթադրվում է, որ վանքի անունը վրացական «քոբ» և հայերեն «այր» բառերի համադրությունն է, որոնք երկուսն էլ նշանակում են «քարանձավ»: Անվան ծագման մեկ այլ վարկածում նշվում է, որ վանքը հաճախ կռվախնձոր էր տարբեր տերությունների միջև, և ժամանակ առ ժամանակ, վիճաբանելով, թե ում է պատկանում վանքը, կողմերը հարց էին տալիս. «Սա քո բերդն է»: Ահա թե ինչու տեղացիները վանքը անվանում են նաև Քոբեր:

Արշավն ավարտվեց խաղաղ ու բավարարված ժպիտներով։ Այս ուղին՝ Ծաթերից դեպի Քոբայր, դարձավ ոչ միայն արշավ, այլև մի ճամփորդություն դեպի մեր պատմությունն ու դեպի ինքներս մեզ։

  • Անցած ուղի՝ 8 կմ
  • Բարձրություն՝ 170 մ