Մեկ տարվա պատմություն

Շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, երբ ցանկացած նախաձեռնություն դրական արդյունքն է տալիս, առավել ևս, երբ ստանում ես այն, ինչ նույնիսկ չէիր ակնկալել: 09 փետրվարի 2016թ. մեր ակումբը սկսեց իր գործունեությունը և մեկ տարվա ընթացքում ունեցանք առաջխաղացում, ինչպես ակումբի անդամ երեխաների թվի աճով, այնպես էլ լեռնային վերելքների, մագլցումների և առհասարակ ծրագրով նախատեսված դասերի հարցում: Այս մեկ տարվա մեջ, նախապես ընտրված հրահանգչական թիմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, երեխաները հարստացան լեռնագնացության վերաբերյալ գիտելիքներով, որոշ չափով հմտացան մագլցման տեխնիկայում և որ ամենակարևորն է` գիտակցեցին լեռնագնացության մեջ անվտանգության կանոնների պահպանման, թիմային աշխատանքի և մտածելակերպի կարևորությունը:

Մեկ տարի` ոմանց համար պարզապես թիվ, իսկ մեզ համար գույներով, արկածներով լի անմոռանալի օրեր: Ոչ, մենք չէինք կարող չկիսվել մեր պատմությամբ, այդ իսկ պատճառով, որոշեցինք միջոցառում կազմակերպել մեր ակումբի ծննդայն կապակցությամբ և կիսվել մեկ տարվա պատմությամբ, շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր մեր կողքին էին:

09 փետրվարի 2017թ. «Էլիտ-Պլազա» բիզնես կենտրոնի դահլիճներից մեկում մարդաշատ էր և աշխույժ: Ներկա էին ինչպես երեխաների ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները, մեր հրահանգիչները, այնպես էլ Հայաստանում գործող լեռնային ակումբների ներկայացուցիչները, և որ ամենաոգևորողն էր, ինչպես միշտ մեր կողքին էր Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, ի դեմս փոխնախագահ Սուրեն Դանիելյանի:

Միջոցառման ընթացքում երեխեաները շատ գեղեցիկ ձևով ներկայացրեցին իրենց անցած ճանապարհը: Լեռնային հոգին ակնհայտ զգացվում էր: Խոսեցին դասերի ընթացքում ստացած գիտելիքներից, պատմեցին գործնական մարզումների մասին, հետաքրքիր պատմություններով համակցեցին տեսական դասերը արշավների հետ: Դիտեցինք 3 տեսաֆիլմ մեր մասին: Միջոցառման ընթացքում դահլիճից հնչող արձագանքները վկայում էին, որ կարողացանք տեղ հասցնել այն ամենը, ինչ զգացել էինք մեր ճամփորդությունների ընթացքում, ինչերի միջով անցել էինք և կարողացանք հասանելի ներկայացնել, թե ինչեր ենք սովորել: Երեխաների անկեղծ վերաբերմունքը ստացավ արժանի անկեղծ արձագանք: Այդ երեկոյի ընթացքում շնորհակալագրեր հանձնեցինք մեր հրահանգչական կազմին, քանի որ նրանց դերը շատ մեծ է երեխաների որպես լեռնագնաց ձևավորելու գործում, բացի դա, նրանք այն մարդիկ են, ովքեր հավատացին ակումբի գործունեությանը և մեր կողքին եղան հենց սկզբից: Ակումբի անդամներն էլ ստացան «4 ԳԱԳԱԹ» լեռնային ակումբի կողմից անցկացվող լեռնագնացության, լեռնային պատրաստության տեսական և գործնական դասընթացներն ավարտելու կապակցությամբ վկայագրեր: Երեկոն ավարտեցինք «Լեռներ» երգի կատարմամբ, որը գրել էր Շուշան Ռուբենյանը մեր ակումբի համար: Գիթարի, դափի և շվիի նվագակցությամբ երեխաները շատ գեղեցիկ երգեցին` այդ ձևով ամփոփելով ջերմ երեկոն: