Աշնանային Աղավնավանք

Աղավնավանք, 12 – 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի(կարմրածառ) ծառատեսակով։Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։

Արագած, Կամար, Ծաղկավանք, Ամուլսար լեռնային վերելքներից հետո եկավ հանգստանալու պահը։ Տարվա եղանակը հուշեց, որ պետք է անտառ գնալ, շնչել աշունը, վայելել գույները, անտառը լցնել մեր աղմուկով, խաղեր խաղալ, պարզապես պառկել և նայել ճյուղից կախված կամ օրորվելով ցած իջնող տերևներին։ Քայլում էինք և անտառը լցնում գետնին սփռված տերևների խշշոցով։ Ոսկե աշնան մեջ կանաչը համառորեն ներկա էր՝ մամռակալած քարերն բնական զարդարանք էին անտառի համար։ Այդ մամուռը նաև գեղեցիկ կեղծամ դարձավ հնարամատի երեխաների ձեռքին, ինչն ավելի պատկերավոր կդառնա, եթե նայեք ներքևում տեղադրվաշ լուսանկարները։ 2,5 կմ քայլելուց հետո հասանք վանքին, ինչը զարմացրեց երեխաներին, չէ որ մենք սովորաբեր 8 կմ-ից քիչ չենք քայլում, իսկ այս անգամ պետք է ընդամենը 5 կմ քայլեինք։ Վանքից քիչ հեռու մի հարմար տեղ գտանք և ամենքն անցավ իր զբաղմունքին՝ թղթախաղ, բառախաղ, գնդակ, պահմտոցի և այլ խաղեր խաղալ։ Այդ մաքուր օդն ու գունավոր անտառը էներգիա ներարկեցին հետագա օրերի համար։