Ձմեռային վերելք Գութանասար, այց սև ավազե պատ

Ձնից չվախեցողները՝ այ էսպես կարելի է բնութագրել երեկվա մեր արշավի մասնակիցներին: Գնացել էինք Գութնասար լեռը բարձրանալու, որից հետո էլ պետք է քայլեինք դեպի սև ավազե պատը: Հենց Ֆանտան գյուղից արդեն ձյուն էր, և  ինչքան մոտենում էինք լեռանը, այնքան ձյունը շատանում էր: Ձյան շատանալով քայլելը բարդանում էր, իսկ բարդությունն էլ կրկնապատկվում էր, երբ սկսում էինք զառիթափ լանջերը հաղթահարել: Երբեմն ձյունն այնպիսին էր, որ մի քայլ դնում էինք, մի երկու քայլ հետ սահում: Բայց իհարկե դա չխանգարեց, որ ձյան հետ մաքառելով, իրար ոգևորելով հասնենք Գութանասարի գագաթ: Լրիվ ձմեռային վերելք էր: Գագաթին հանգստանալուց հետո սկսեցինք իջնել դեպի հանգած լավայի՝ սև ավազապատի մոտ, որի ճանապարհին հասցրեցինք մի լավ ձնագնդիկ խաղալ և սահել: Եղանակն ու տեսարաններն այնքան գեղեցիկ էին՝ շուրջբոլորը պսպղուն ձյուն էր, հեռվում երևում էին Հատիսն ու Գեղամա լեռների կանոնավոր հրաբխային կոները, երկինքը կապույտ էր, որը նկարազարդվել էր փետրավոր ամպերով, Արա լեռը, Արագածն ու Արարատը թեև քիչ մշուշոտ, բայց նույնպես մեր տեսադաշտում էին: Ձյան վրա գայլերի ու աղվեսների, երբեմն էլ նապաստակի լուռ վկյության հետքեր կային: Սև ավազե պատը շատ հավես տպավորություն գործեց երեխաների վրա, լուսանկարները չէին փոխանցել և հիմա էլ Ձեզ չեն փոխանցի այն գեղեցկությունը և ազդեցիկությունը, որը իրականում կա:     

Այս մեծ կամային ուժով օժտված արշավակնների հետ քայլեցինք 9կմ և հաղթահարեցինք 450մ հարաբերական բարձրություն: