Վերելք Վարդաբլուր լեռ կամ Գայլի ականջներ

07.04.2024թ.-ին ինչո՞վ էիք զբաղված: Հուսանք մայրության և գեղեցկության օրվա կապկցությամբ գեղեցիկ օր եք ունեցել: Իսկ կուզե՞ք մեր ուժեղ վերելքի մասին իմանալ:

Ապրիլի 7-ին պլանավորել էինք վերելք իրականացնել Վարդաբլուր լեռ, այո, հենց այն նույն լեռը, որին նաև Գայլի ականջներ են ասում: Ում այս տեղեկատվությունը ոչինչ չասեց, փորձեք հիշել Եղեգնաձոր քաղաքի դիմաց վեր հառնող ու իր արտաքինով տարբերվող՝ գայլի, շան կամ նման կենդանու նմանվող գագաթը: Հենց այդ գագաթը պետք է բարձրանայինք: Առավոտյան 7:30 ճանապարհ ընկանք: Երկինքն ամպամած էր, բայց ոչ տեղումնաբեր, իսկական քայլելու եղանակ: Գնում էինք մեքենայով և փորձում կանխագուշակել, թե լեռան վրա ինչ բարձրությունից ձյուն կլինի: Արդեն Եղեգնաձորում պարզ էր, որ ճանապարհի մեծ մասն առանց ձյան կքայլենք, իսկ դժվար մասը՝ զառիթափ լանջերը, ձնով կանցնեք: Զեդեա գյուղից 19 հոգանոց մեր խումբը սկսեց առաջ շարժվել՝ լսելով գյուղի պապիկներից մեկի «երեխեքը չեն կարողանա բարձրանալ» արտահայտությունը, բայց մոտիվացիան և հավատը մեր ուժերի հանդեպ՝ բարձր մակարդակի վրա:

Զեդեա գյուղը ավելի հին է քան ենթադրվում է, որի վկայությունն են զարդաքանդակներով խաչքարերը և հունական տառերով գերեզմանաքարերի արձանագրությունները, ինչից կարելի է ենթադրել, որ այստեղ ապրել են հայեր, հույներ, որից հետո այս գյուղում իրենց հանգրվանն են գտել Նախիջևանից տեղահանված հայերը։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ դեռ միջնադարում գոյություն է ունեցել Վայոց ձոր գավառի Զեդյա գյուղը։ Գյուղի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ չկան։

Վերադառնանք արշավին:

Իրոք բարդ արշավ էր, քանի որ զառիթափ լանջեր հաղթահարելն ինքնին հեշտ չէ, իսկ այստեղ գումարվել էր նաև կիսահալած ձյունը: Եվ այս երկուսն իրար գումարվելով պատճառ էին դառնում սայթաքելուն: Բայց մեզ հաջողվեց միմյանց օգնելով, հումորով, չնայած դժվար վերելքին՝ ասել-խոսելով և ադրենալինից ավելի ուժ առնելով հասնել Գայլուկի ականջին և ոռնալ իր պես:       

Արդյունքում քայլեցինք 11կմ և հաղթահարեցինք 850մ հարաբերական բարձրություն:  Վատ չի՞,չէ՞:

Երբ հասանք գյուղ, երեխաներից մեկը բարձրաձայնեց. «Իսկ էն մարդն ասում էր չենք կարողանա բարձրանալ»:

Միշտ ենք ասել, սեփական ուժերին հավատալը, առավել ևս, երբ դիմացինն էլ է հավատում այդ ուժին, միշտ հասցնում է նպատակին: Մի թերագնահատեք երեխաներին: