Ապակեքար լեռան աշնան շունչը

Ապակեքար (Աբեղաքար) լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասում, Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը 1651 մետր է:

Աշնանային գեղեցիկ տրամադրությամբ ուղևորվեցինք Տավուշի մարզ. Ապակեքար լեռը մեզ էր սպասում։ Հատուկ էինք այս լեռն ընտրել, որպեսզի լիարժեք զգանք աշնան կախարդական ազդեցությունը։ Հովք գյուղը ծովի մակարդակից գտնվում է 1190 մ բարձրության վրա, որտեղից էլ սկսեցինք քայլել: Հովք գյուղին մոտ դեռ աշունը լիարժեք չէր եկել, կանաչը համառորեն ներկա էր։ Որքան մոտենում էինք լեռանը, այնքնան աշունը զգացնել էր տալիս։ Տերևներն փոխել էին իրենց տեղը, ծառերից իջել ցած։ Ամբողջ ճանապարհն անցանք անտառային յուրահատուկ մեղեդու՝ խշխշացող տերևների հնչյունների ներքո։ Գագաթն ամպերի մեջ էր և երբ մոտենում էինք գագաթին, մշուշի մեջ թաթախված անտառն առվել հեքիաթային էր։ Ոսկեգույն գորգը, կանաչ մամուռե մուշտակ հագած ծառերն ու քարերը, մշուշը և իհարկե, երեխաների ներկայությունը անտառը շատ էին գեղեցկացնում։ Մինչ գագաթ հասնելը մի հատված կա, որտեղից կտրուկ տեսարան է բացվում։ Այդ մասում երեխաները բավականին երկար վայելեցին լեռան բարձրությունը, ամպերի սահքը, ճուռակների ճախրանքը։ Բոլորս հասանք և ոգևորության ձայներով լցրեցինք գագաթը։ Օրն արդյունավետ և տպավորիչ էր։ Աշնանային Ապակեքարը մեզ շա՜տ դուր եկավ։ Կարելի է մտածել ջմեռային վերելքի մասին:

Այս վերելքը ընթացքում քայլեցինք 7 կմ (բարձրանալ և իջնել), հաղթահարեցինք 461մ բարձրություն, և այս ամենը ընդամենը մեկ անգամ հանգստանալով: