Մեր արկածները Գեղարդաձորում

Այս կիրակի օրվա ուղևորությունն էլ նախորդների պես սպասված էր, բայց փոքր-ինչ արկածային: Բարձր տրամադրությամբ մեկնեցինք Երևանից և առավոտյան 9:30 արդեն Գեղարդի վանքի մոտ էինք: Շրջեցինք վանքի բակում, որից հետո սկսեցինք քայլել դեպի բուն նպատակը՝ Գեղարդաձորի քարանձավը: Ճանապարհը հեշտերից չէր: Սկզբում պարանների օգնությամբ անցանք Ազատ գետը: Բարեբախտաբար գետն այնքան էլ վարար չէր, և մյուս անգամները կարողացանք առանց պարանի օգնության անցնել: Ի տարբերություն մեր անցած մյուս ձորերի, այստեղ ծառաշատ էր և քայլելիս սիպված էինք լինում ճանապարհ բացել, նոր առաջ շարժվել: Ժամը 12:15 արդեն քարանձավի մոտ էինք, բայց ոչ քարանձավում: Քարանձավում հայտնվելու համար էլ հարկավոր էր մագլցել, որի նպատակով կապեցինք պարանները և բարեհաջող մագլցեցինք դեպի  քարանձավ: Այդ բարձրությունից շատ գեղեցիկ տեսարան է բացվում, որին նայելիս երբեք չես հոգնում: Խարույկ, զրույց, խաղեր, երգեր և ահա ժամացույցը հուշում է, որ պետք է վերադառնանք: Վերադառնալու համար էլ պարաններով վայրէջք կազմակերպեցինք, ինչը անասելի զգացողություներ տվեց մեզ, որն ըստ երեխաների` կրկնություն է պահանջում: Ժամը 18:30 արդեն Երևանում էինք: Հաճելի հոգնածության հետ մեկտեղ, բոլորիս դեմքին գոհ ժպիտներ էին, ինչը վկայում էր, որ այս հանգստյան օրն էլ տարբերվեց նախորդներից ու միշտ կմնա մեզ հետ: