Գիշերակաց Դժոխքի Ձորում

Մեկ տարի սովորելուց, տարբեր արշավներ գնալուց և միմյանց շատ լավ ճանաչելուց հետո եկավ այս երկար սպասված պահը: Գնալու ենք գիշարակացով արշավի: Մեր խմբի Վիկան շատ լուրջ էր տրամադրված գիշերակացին և որպեսզի այդ օրն ինքը պատրաստված լինի, որոշել էր տանը քնել հատակին, քնապարկով և բաց պատուհանով: Իսկ մայրիկը՝ Զառան, Վիկայի քնելուց հետո թաքուն բարձ էր դրել գլխի տակ, որ գոնե մի քիչ հարմար լինի (մայրիկների սիրտն ուրիշ է): Ապրիլի 22-23-ին Դժոխքի ձորում նշվելու էր Step Slackliners Armenia ակումբի 5-ամյակի միջոցառումը, որի ընթացքում իրականացվելու էր և սլեքլայն, և հայլայն, և ժայռամագլցում, ինչպես նաև` ռոփ ջամփինգ: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր ակումբների ներկայացուցիչներ` Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, Wite Irbis ալպինիզմի և ժայռամագլցման ակումբը, Overz ժայռամագլցման ակումբը, Scream of Soul ակումբը, VeloClub հեծանվային ակումբը, Up The Rocks ակումբը, ԱՍ տուրիստական ակումբը, Արշավիղ ակումբը և մենք` 4 Peaks Alpine Club:

Առավոտյան մեծ ուսապարկերով գրավեցինք Արցախի 1-ը ու մեր վրա հրավիրեցինք անցորդների ու վարորդների ուշադրությունը. դե մեր տարիքի ու լավ պատրաստված արշավականներ երևի չէին տեսել: Ճանապարհ ընկանք դեպի Արարատի մարզ, որտեղ էլ գտնվում է մեր սիրելի Դժոխքը` Արածոյի կիրճը: Վրանները տեղադրելուց հետո մարզվեցինք` սլեքլայն, ժայռամագլցում: Մեզ համար շատ հետաքրքիր և կարևոր էր այդ միջոցառմանը ներկա լինելքը, քամի որ մեր ավագ ընկերներից շատ բան ունեինք սովորելու: Երեկոյան տարբեր խաղեր խաղացինք, գիթարի նվագակցությամբ երգեր երգեցինք խարույկի շուրջ (երեկոյան ցուրտ էր): Ամենից շատ երգեցինք մեր ակումբի համար գրված «Լեռներ» երգը, որը շատ սիրվեց միջոցառման մասնակիցների կողմից: Առավոտյան բավականին լավ տրամադրությամբ արթնացանք, ինչը վկայում էր այն մասին, որ առաջին գիշերակացը միայն լավ զգացողություններ էր առաջացրել, անկախ վրանային անհարմարություններից: