Իլկասարից Հրեշտակների ձոր

Ապրիլի 4-ի արշավն Արարատի մարզում էր, որի շրջանակներում պետք է բարձրանայինք Իլկասար լեռը, այնուհետև ճանապարհը շարունակեինք, դեպի հրեշտակների ձոր։ Իլկասար լեռը գտնվում է Երանոսի լեռնաշղթայի հարավարևմտյան կողմում, Ազատ և Վեդի գետերի վերին հոսանքում։ Լեռնագագաթի բարձրությունը 1462 մետր է։ Լեռան գագաթին կա ամրոցատիպ կառույցի ավերակներ։ Քայլել սկսեցինք Նարեկ գյուղից։ Իլկասարի լանջերը զառիթափ են, և թվում է՝ պետք է դժվարությամբ բարձրանայինք։ Բայց եղավ հակառակը, բավականին հեշտությամբ հասանք գագաթ։ Ժամը 12-ին արդեն գագաթին հանգստանում էինք։ Իսկ դեպի Հրեշտակների ձոր տանող ճանապարհին վերելքներ չկան, ճանապարհի մեծ մասն անցնում է թեթև բարձունքները շրջանցող արտաճանապարհով։ Թվում էր՝ պետք է հեշտ անցնեինք այս ճանապարհը, բայց այս դեպքում էլ եղավ հակառակը։
Ճանապարհին տեղ-տեղ բնությունն անապատ է հիշեցնում, և նույնիսկ եռանկյունաձև լեռներն էին դրան նպաստում, այդ թվում՝ սլացիկ Կոտուց լեռը, որ բուրգի էր նման։ Ջուրը մեզ մոտ շուտ վերջացավ, և ավելի տպավորիչ զգացինք անապատում մոլորված մարդկանց զգացողությունները, երբ առանց ջրի են մնում, կամ մոլորվում։ Արշավն ավարտեցինք Դաշտաքար գյուղի մոտ։
Քայլեցինք 15 կմ և հաղթահարեցինք 610մ բարձրություն, դասեր քաղեցինք և ծանոթացանք Հայաստանի՝ մեզ համար մի քիչ տարբերվող բնությանը։