Հին Գորիս, Կյորես

Հին Գորիս գյուղատեղին տարածվում է Գորիս քաղաքից արևելք, համանուն գետի ձախ: Գյուղատեղին հատկապես աչքի է ընկնում իր ինքնատիպ միջնադարյան եկեղեցիներով ու մատուռներով, ժայռափոր կացարան-բնակարաններով, մելիքական ապարանքներով, բնակելի ու հասարակական նշանակության շինություններով:  Ներկայիս բուն քաղաքի տեղում մինչև 1870-ական թվականները եղել է անբնակ տարածք։ Հին Գորիսը լքվել է XX դարի սկզբներին: Այսօր այն իր կառույցներով ներկայանում է պատմահնագիտական ամբողջություն հանդիսացող մի ավերակ բնակավայր: Իր քարայր-կացարաններով միջնադարյան հուշարձանի եզակի օրինակ է, գտնվում է բավականին վտանգված վիճակում, իսկ որոշ քարայրներ, ցավոք, կանգնած են փլուզման եզրին: Գորիսի քարայրերը, քարանձավներն ու բրգաձև ժայռերը ներշնչանքի աղբյուր են եղել շատ արվեստագետների, ինչպես նաև մեզ համար։ Եվ հենց այդ ներշնչանքն էլ հուշեց, որ ժամանակն է, որ մենք էլ տեսնենք այս վայրը։

Առավոտյան 6։00 հավաքվեցինք և չնայած վաղ ժամին, երեխաները բավականին առույգ տեսք ունեին։ 10։20 Գորիսում էինք, իսկ 10։45 արդեն քայլում էինք։ Եղանակը ասես պատվերով լիներ՝ ոչ շոգ էր, ոչ էլ՝ ցուրտ։ Արշավի նպատակը Հին Գորիսը ճանաչելն էր։ Տեսանք Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, սակայն միայն դրսից, քանի որ եկեղեցու դուռը փակ էր, անցանք քարայրային լքված տների մոտով, տեսանք դրանց ավերակները և նույնիսկ մտանք այդ ժայռափոր կացարաններից մեկը։ Վաղուց այսպիսի կանաչ բնության մեջ չէինք քայլել։ Շուրջբոլորը կանաչ էր, իսկ աջից, ձախից և առջևից վեր էին խոյանում «բրգանման» ժայռերը։ Հաճախ այս ժայռերը հենց Գորիսի բուրգեր են կոչում։ Ավելի ճիշտ կլիներ նրանց զինվորներ կոչել, որովհետև դրանք ավելի շատ թիկնոցավոր զինվորների են նման, որ հսկում են Գորիսը։ Հետաքրքիր խաղեր խաղալով, նույնիսկ մեր հորինած, խոսք ու զրույցով քայլում էինք։ Ինչքան որ կարողացանք բնությունը մաքրեցինք աղբից։ Երբ երկարատև հանգստի պահը եկավ, մեր «հանգստավայրը» վերածվեց ակրոբատիկ հնարքների բեմահարթակ։ Պարզվեց, որ մեր ակումբը շատ հանգիստ կարող է մարմնամարզության մրցույթի մասնակցել։ Օրը գեղեցիկ էր, երեխաները՝ հրաշք, բնությունը՝ անկրկնելի։ Քայլեցինք 3,5 կմ, հավաքեցինք 3 պարկ աղբ։

4 ժամ մեքենայով հասանք Գորիս, 3,5կմ քայլեցինք, ամենատարբեր վարժություններ արեցինք, բայց միևնույն է վերադարձին մեքենայի մեջ կրկին աղմկոտ աշխուժություն էր։