Հիշատակի այց և խելահեղ սահք Լեռնանիստում

2018թ.-ի հունվարի 28-ին Արտանիշ լեռն էինք բարձրացել վերելքը նվիրելով Հայոց բանակի կազմավորման օրվան։ Վերադարձի ճանապարհին իմացանք ցավալի լուրը։ Արա լեռան վրա մահվան ելքով ձնահոսք էր եղել, կային տուժածներ։ Երբեմն մարդն անզոր է բնության ուժերի դեմ և սա էլ այդ դեպքն էր։
Այս տարի առանց վերելքի նպատակի գնացինք Արա լեռ, այնտեղ, որտեղ դրված է Նաիրուհի Սիմոնյանի հուշաքարը։ Դեպի կիրճ տանող ճանապարհին լավ ձյուն էր դրված, և որպեսզի երեխաները կարողանան անցնել այդ ճաապարհը, նախ հրահանգիչներով ճանապարհ բացեցինք, և միայն հետո խումբն անցավ այդ ճանապարհը: Վեր ձգվող ժայռերից սառցե նետեր էին կախված և այդ վեհ բնության մեջ, մենք, չնայած մեր փոքր լինելուն, ավելի փոքր էինք դարձել: Երեխաները ծաղիկներ դրեցին, հարգեցինք Նաիրուհի Սիմոնյանի հիշատակը և շարունակեցինք մեր ուղևորությունը։
Երկրորդ կանգառը Լեռնանիստն էր, որտեղ շատ լավ հնարավորություն է ստեղծված դահուկով և սահնակով վայրէջքների համար։ Մեր ակումբի արկածասերները գրոհեցին սահնակներին և ընկան ազատ անկման վայելքի գիրկը։ Իջնելուց հետո բոլորը կայծկլտացող աչքերով ինչ-որ մեկնաբանություն էին անում ու շտապում հերթական վայրէջքին։ Ընթացքում առավել կատարելագործվելով՝ իջնում էին գնացք կազմած։ Կարճ ասած՝ շա՜՜՜տ հավես էր։

Այդ օրը քայլեցինք 5կմ, ինչը մեր ակումբի երեխաների համար, արդեն շատ քիչ և հեշտ հեռավորություն է: