Մարտիրոսի վիմափոր եկեղեցի և ջրվեժ

Մայիսի 2-ին ճանապարհ բռնեցինք դեպի Վայոց Ձոր՝ Հին Մարտիրոս գյուղ: Այս արշավի նպատակն էր երեխաների համար բացահայտել տեսարժան վայրերով հարուստ մեր երկրի հրաշք անկյուններից մեկում թաքնված վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և Մարտիրոս ջրվեժը: Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը Վայոց Ձորի բնակիչների հպարտությունն է։ Այն կառուցված է ժայռի մեջ և իր տեսակի մեջ երկրորդն է` Գեղարդի վանքից հետո։ Այն կառուցվել է Մարտիրոս վարդապետի կողմից 1286թ–ին։ Ինչպես պատմում են վայոցձորցիները, դա աստծո յուրահատուկ տաճար է, որովհետև կառուցված է ժայռի մեջ` Նզար (Նազար) լեռան ստորոտին։ Դա նրան յուրահատուկ աուրա է հաղորդում։

Արշավային առավոտը գեղեցիկ անակնկալով սկսվեց։ Ակումբի երեխեներից Տիգրանի և Մայայի հայրիկը մեզ՝ արշավին մասնակից 41 երեխայի և ոչ միայն, նվիրեց Արտավազ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գիրքը, որում անդրադարձ կա Արա և Աժդահակ լեռներին։ Պետք է մինչև մայիսի 28-ը կարդանք գիրքը, որպեսզի այդ օրվա վերելքի ժամանակ կարողանանք գտնել Վահագն Վիշապաքաղի ընկեր Վազգեն Վիշապի բույնը և քննարկենք գիրքը։

Հասնելով Մարտիրոս գյուղ գրանանային թարմությամբ շնչող բնության մեջ քայլեցինք մինչև եկեղեցի, հանգստացանք, ծանոթացանք եկեղեցուն, մեզ մոտ առկա ջրերը փոխարինեցինք լեռներից հոսող թարմ և սառնորակ ջրով և տարածքը մաքրապատեցինք աղբից: Զարմանալի է, երբ մարդիկ գալիս են, բնության գրկում ժամանակ են անցկացնում, «հիանում» են վիմափոր եկեղեցով, աղոթք են անում, բայց աղբ են թափում՝ տարծքն ապականում են, բնությանը վնաս պատճառում, նպաստում, որ տարածքը կորցնի գրավչությունը: Թափված աղբը մերը չէր, բայց երկիրն ու բնությունն է մերը, ուստի չէինք կարող անտարբեր անցնել:

Ինչևէ, մաքրապատումից հետո ճանապարհը շարունակեցինք դեպի ջրվեժ: Ջրվեժ տանող ճանապարհն անցնում է Նազար լեռան լանջերով, որի գագաթային հատվածը վեր խոյացող ժայռերով է պաշտպանված, իսկ լեռան ստորոտով հոսում է Մարտիրոս գետը, որը ձնհալներից և տեղումներից բավականին ջրառատ էր, հետևաբար նաև՝ աղմկոտ:

Ջրվեժի մոտ կարճ հանգստից հետո սկսեցինք վերադառնալ, քանի որ եղանակը փոխվում էր: Միայն վերջին 10 րապեն քայլեցինք անձրևի տակ, որն, ինչ խոսք, ուրախացրեց երեխաներին և տխրեցրեց վարորդներին (ցեխոտ ոտքերն այնքան էլ հաճելի չեն մեքենայում):

Քայլեցինք 10 կմ, հաղթահարեցինք 300մ բարձրություն: