Շրեշտասարի շուրջ և գագաթին

Շրեշտասարը (Շերեշտ, Շրեշսար, Շրեշտ, Շրեշտսար) գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Ելփին գետի ձախափնյակում, Ելփին գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2098 մ է։ Մի ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ Շրեշ բլուրում գանձ կա պահած, որը շատերն են փնտրել, բայց ոչ ոքի չի հաջողվել գտնել։ Գագաթին մոտ պահպանվել են Նրբույն բերդի որոշ ավերակներ։

Մեկ շաբաթ առաջ պլանավորել էինք, որ մայիսի 5-ին պետք է գնանք Շրեշտասար լեռը բարձրանալու։ Բայց եղանակը նախորդող օրերին, մեղմ ասած, շատ վատն էր։ Հայաստան ներխուժած ցիկլոնը հասավ նրան, որ մի պահ սկսեցինք մտածել օրը փոխելու մասին, բայց դա մի պահ էր, քանի որ կանխատեսումները հուշում էին, որ 5-ի առավոտյան լավ է լինելու։ Որոշեցինք գնալ։
Բնությունը գեղեցիկ էր։ Մեզնից հարավ արև էր և լուսավոր ամպեր, մեր վերևում և մեզնից հյուսիս՝ գորշ ամպեր, որոնք սահում էին լեռների վրա, շոյում լանջերն ու ցողում նորածիլ խոտերը։ Բնությունը ներկվել էր կանաչի բազում երանգներով։ Հեռվում՝ ամպերի հետևից, սպիտակին էին տալիս Քարկատարի լեռները, իսկ ձորում լսվում էր Ելփինգետի շառաչը։ Կարճ ժամանակով մեր գագաթն էլ փակվեց ամպերով։ Մոտ 20 րոպե թարմացնող անձրևի ուղեկցությամբ քայլեցինք, ինչի շնորհիվ երեխաները դարձան գունավոր ծաղիկներ՝ հագնելով իրենց վառ անձրևապաշտպանները։ Ճանապարհին տեսանք նաև Վարթանես գյուղի գեղեցիկ լճակը, որը միաձուլվել էր լեռների գույներին և հազիվ էր նշմարվում։

Հասանք գագաթ, ամբողջությամբ քայլեցինք Շրեշտ լեռան շուրջբոլորը՝ քայլելով 14,5 կմ։ Մեքենա հասանք ցեխով ներկված։