Սառնորակ Գեղարոտի ջրվեժը

Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա է այս հիասքանչ ջրվեժը: Գտնվում է Արագածոտնի մարզի Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա, ջրագրական բնության հուշարձան է: Արագածի խառնարանով հոսող սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: 22.07.201րթ. Գեղարոտի ջրվեժում էինք։ Լեռնային այս գեղեցկուհին շրջապատված է բարձր ժայռոտ լանջերով։ Չնայած քաղքում և ընդհանրապես Հայաստանում տիրող բարձր ջերմային ֆոնին, այստեղ դեռ ձյուն և սառցադաշտ կար: Երեխաների համար մեծ էր զարմանքը, որ հնարավոր է կանաչ բնության մեջ ձյուն տեսնել և ամառվա շոքին մրսել: Հենց սա էլ բնության հրաշքն է:
Գեղարոտն իր սառնությամբ այնպես է թարմացնում, որ քեզ նոր մարդ ես զգում՝ ջրվեժի տակ մտնելուց հետո այսպես բնորոշեց զգացողությունները Յանան։ Երբ որոշեցինք վերադառնալ, ամպերն արդեն բավականին ցած էին իջել և արագ էին շարժվում։ Արագածի ժայռոտ լանջերը մեկ ամպի տակ էին անցնում, մեկ բացվում։ Բավականին սառը ամառային օր ունեցանք, ինչը շա՜տ հաճելի էր, Երևանյան տապից հետո։